Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում, այսօր հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Ըստ Հայաստանի կառավարության՝ նրանք մտքեր են փոխանակել հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի առաջնորդների և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ: Կարևորվել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը:

Պրահայում հոկտեմբերի 7-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությամբ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հաստատելով, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար։

Վարչապետ Փաշինյանը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Սեպտեմբերյան մարտերի ընթացքում հայկական կողմը 200-ից ավելի զոհ ունեցավ, վերջին տվյալներով՝16 զինվոր դեռ անհետ կորած է համարվում։ Հարվածներ հասցվեցին Ջերմուկին ու 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած Սյունիքի ու Գեղարքունիքի մի շարք բնակավայրերի։

Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Այսօր Փաշինյանը Թունիսում հանդիպել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, կրկին շեշտել ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Ադրբեջանական ագրեսային այսօր անդրադարձ է եղել նաև Փաշինյան-Թրյուդո հանդիպմանը։

XS
SM
MD
LG