Մատչելիության հղումներ

Սեպտեմբերյան դեպքերից 2 ամիս անց էլ որոշ բնակիչներ դեռ չեն վերադարձել Ջերմուկ


Ջերմուկում առօրյան հիմա էլ նույնը չէ։ Բազմահամ ու բազմատեսակ մուրաբաները, մեղրն ու չրերը օրերով վաճառասեղանին են մնում։ Ադրբեջանական ագրեսիայից հետո առևտուրը կանգնել է, 4 ժամում ոչինչ չէր վաճառվել. զբոսաշրջիկներ գրեթե չկան։ Նոր իրականությունը շատերին է հետ պահում այստեղ հանգստանալու մտքից, բայց տեղացիներն արդեն համակերպվել են, այլընտրանք չունեն։

«Իսրայելը ու կողքի Պաղեստինը ես ծնվել եմ, էն, ինչ որ տեսել, լսել եմ ամբողջ կյանքում, մինչև հիմա իրար վրա կրակում են, բայց մարդիկ ապրում են, Իսրայելը հզորացել է, պետություն է դարձել: Բա մեր նման ազգը, մեր Հայաստանը երկու կրակոցով ի՞նչ է, պիտի թողնենք գնա՞նք», - ասաց Ջերմուկի բնակիչ Վրեժ Մանգասարյանը:​

Քաղաքի տարբեր հատվածներից է տեսանելի՝ որտեղ են դիրքավորվել ադրբեջանցիները, ջերմուկցիները հստակ գիտեն, փողոցում հարցնես՝ ցույց կտան բարձունքը, որ հիմա ձյունով է պատվել. ադրբեջանական զինուժից քաղաքը մի քանի կիլոմետր է բաժանում։

«Մեր բոլոր պոստերը վերցրել են էդ կողմի սարի ու մինչև ներքև՝ ձորը, մի հատ վառված փոքր սար կա, մինչև այդտեղ իրենք նստած են», - ասաց մեկ այլ բնակիչ Նվարդ Հակոբյանը:

Թաղամասերից մեկում, որտեղ առանց այդ էլ շատ չեն բնակիչները, ադրբեջանական հարձակումից երկու ամիս անց էլ դեռ մի մասը դեռ չի վերադարձել: Թե քանի բնակիչ չի վերադարձել, Ջերմուկի քաղաքապետարանում չգիտեն, հայտնում են, թե ավելի քան 9000 բնակիչների մեծ մասը հիմա քաղաքում է։

«Իրենց մոտիկ բարեկամների մոտ են գնացել, մարդիկ կան, որ հնարավորություն չունեն Երևանում վարձով ապրելու, եկել են այստեղ աշխատում են, ապրում են: Ես, օրինակ, հնարավորություն չունեմ Երևանում վարձով ապրեմ», - ասաց բնակիչներից մեկը:

Մարտիկ Ստեփանյանի խանութը հենց այդ պատճառով էլ առաջվա պես չի գործում, փակ է, եթե հաճախորդ լինում է, զանգով է բացում խանութը։

«Տեղի բնակիչը եկել է խանութ, արևտուր է արել, գնացել է: Իսկ հանգստացողը հազարից մեկ կարող է մտներ մի հատ սիգարետ, մի հատ ինչ-որ խմիչք, էդ է եղել, հիմա էլ չկա», - ներկայացրեց Ստեփանյանը:

68-ամյա թոշակառու տղամարդը հիմա մտածում է, թե ինչպես են ձմեռն անցկացնելու, իր ու կնոջ համեստ թոշակով։ Հաշվել է՝ երկուսի միակ եկամուտը հազիվ ջեռուցմանը բավականացնի. - «80 հազար տանք հոսանքին, ջեռուցմանը, ջրին, էն մյուսին, էս մյուսին, բա մեր սնունդը, ո՞նց պիտի յոլա գնանք»:

Հարցը ջերմուկցիներից շատերին է հուզում՝ զբոսաշրջիկներով ապրող առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայից հետո առողջարանների, հյուրանոցների աշխատողների աշխատավարձերն են նվազեցվել, որոշ աշխատակիցներ կրճատման վտանգի տակ են, ոմանք էլ արդեն առանց աշխատանքի։ Շատերը տրամադրություն էլ չունեն՝ պատմելու՝ պատերազմական գործողություններից հետո իրենց հետ պատահածը։

XS
SM
MD
LG