Մատչելիության հղումներ

Փաշինյանը Թունիսում հանդիպումներ է ունեցել Շառլ Միշելի, Ջասթին Թրյուդոյի հետ


Փաշինյան-Միշել հանդիպում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թունիսում քննարկել են հոկտեմբերին Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքները, ընդգծել Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը:

Փաշինյանը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացման շուրջ:

Պրահայում հոկտեմբերի 7-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց։ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար։

Փաշինյան-Թրյուդո հանդիպում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ Փաշինյանը քննարկել է հայ-կանադական հարբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Կողմերը կարևորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը՝ վստահություն հայտնելով, որ Երևանում դեսպանատան գործունեությունը նոր թափ կհաղորդի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Փաշինյանը Թրյուդոյին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու դրանց վերացման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:

Ավելի վաղ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին էր հայտնել Հայաստանում դեսպանություն բացելու մտադրության մասին՝ շեշտելով՝ դա հնարավորություն կտա ավելի ամուր կապեր հաստատել երկու երկրների միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը։

Հայտարարությունից անմիջապես հետո պաշտոնական Երևանը ողջունել է այդ որոշումը։

XS
SM
MD
LG