Մատչելիության հղումներ

Գերիների հարազատները բողոքի ակցիա արեցին Ռուսաստանի դեսպանության և կառավարության շենքի առջև


Ավագյանների որդու 30-ամյակը այս կիրակի Բաքվի բանտում է լրացել, տանը Հրաչին սպասում են կինն ու 2.5 տարեկան աղջիկը։

«Պիտի վաղուց բերած լինեին, չմոռանան, որ էդ երեխեքը մենակ մեզ համար չէին գնացել: Ուղեղդ անընդհատ սպասողական վիճակում է: Հլը մենք դուրսն ենք, բա էդ երեխեքը ի՞նչ ասեն էդ փոքր պատերի մեջ», - հարցնում են Հրաչ Ավագայանի հայրը՝ Արզուման Ավագյանը:

«Վերադարձրեք մեր տղաներին», «Ո՞ւր էին ռուս խաղաղապահները» այս և այլ պաստառներով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց էին հավաքվել 2020 թվականի դեկտեմբերին Արցախի Խծաբերդ - Հին Թաղեր գյուղերի դիրքերից գերեվարված զինվորների ծնողները։

«Քանի կար, Զախարովան իրան կպատռեր՝ наконец покончим этот гуманитарнии вопрос, բա ի՞նչ եղավ», - հարցնում է հայրը:

23-ամյա Վարազդատ Հարությունյանը գերեվարվելուց առաջ պատմել է մորը, որ իրենք շրջափակման մեջ են, և իրենց պետք է դուրս բերեն ռուս խաղաղապահները։ Ինչո՞ւ խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունը, հուսահատ հարցնում է ռազմագերու մայրը. «Պարզ ասաց, որ մեզ որ հանեն, ռուսը պիտի ուրիշ ճանապարհով մեզ դուրս հանի, բայց ռուսի մոտից իրենք տարան չէ՞, երեք պոստ անցրեցին, տարան, մեր երեխեքին տարան, մի երկու օր գոմեր պահեցին, որտե՞ղ էր ռուս խաղաղապահը: Երբ որ մեր երեխեքը գերի են ընկել պատերազմից հետո, երբ որ այդ հողը մերը չէր, մեր երեխեքն ի՞նչ գործ ունեին էնդեղ: Ղեկավարություն է, ռուս խաղաղապահ է կանգնացրել չէ էնտեղ, որ բոլորի ապահովությունը հսկե ինքը, բայց մեր երեխեքին իրենց քթի տակից տարան, ո՞վ էր պատասխանատու, ռուսը որտե՞ղ էր»:

Ծնողները ամիսը մեկ անգամ Կարմիր խաչի միջնորդությամբ են շփվում որդիների հետ։ Անկեղծանում են՝ հուսադրող քիչ բան կա այդ զրույցներում. «Ես ի՞նչ գիտեմ՝ ոտքը կա, թևը կա, ինչը կա»:

«Իրենք միան կարող են ասել, որ մենք լավ ենք, նորմալ է ամեն ինչ, այդ տեսաուղերձները մենք տեսնում ենք, բայց դե Բաքվի բանտում նստած բանտարկյալ մարդ, ի՞նչ կարող են... ավել բառ ոչ կարող են ասել, ոչ էլ խոսել»:

Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներից ոչ մեկը դուրս չեկավ լսելու ծնողներին, նրանց նաև չթույլատրեցին մտնել դեսպանատան շենք։

«Ասել են նամակի կարգով, նամակ էլ ենք գրել, մեր մոտի հյուպատոսարան էլ ենք եղել, մոտիկ չեն գա: Պատերազմից հետո գերեվարում չպիտի լիներ, ինչի՞ եղավ դա: Շատ մութ անկյուններ կային, որ չենք հասկացել մինչև հիմա», - ասում են նրանք:

Գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատների մի մասը դեսպանատան մոտ ժամեր շարունակ անարդյունք սպասելուց հետո շարժվեց դեպի կառավարության շենք։ Նրանցից երկուսին ընդունեց կառավարության նամակ -դիմումների բաժնի աշխատակիցը, կարճ ժամանակ անց ծնողները դուրս եկան, բայց հիասթափված անարդյունք բողոքի ակցիայից՝ չցանկացան անգամ խոսել։

«Անհոգ եղեք, կգան, անհոգ եղեք, բայց ե՞րբ, էս 8 ամսվա մեջ 5 երեխա է եկել», - ասաց նրանցից մեկը:

Հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մոտ մեկ ամիս անց գերեվարված Խծաբերդի ու Հին Թաղերի 64 պահեստազորայինների մի մասը արդեն վերադարձել է հայրենիք, շուրջ 3 տասնյակ գերիներ, սակայն, շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Ադրբեջանը նրանց ռազմական հանցագործներ է համարում և դատապարտել է տարբեր տարիների ազատազրկման։

XS
SM
MD
LG