Արցախի Խծաբերդի և Հին թաղերի կորստի գործով մեղադրյալ Արսեն Ղազարյանը չի ընդունում դատախազության եզրակացությունը, թե լքել է մարտադաշտը, չի կատարել վերադասի հրամաններն ու անփույթ է վերաբերվել ծառայությանը։
44-օրյա պատերազմի ավարտը ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո Հադրութի այս տարածքները հայկական վերահսկողության տակ էին և Ադրբեջանին անցան միայն դեկտեմբերի 13-ից հետո։ Ադրբեջանական հարձակման հետևանքով այնտեղ 9 զինվորական զոհվեց, 64-ը գերեվարվեցին, գյուղերն էլ անցան Ադրբեջանին։
Մեղադրյալի աթոռին հայտնված գումարտակի հրամանատարն ասում է` դեկտեմբերին իր 38 հոգանոց խմբով մարտեր է վարել ադրբեջանական զինուժի դեմ, բայց ապարդյուն։ Հիմա 40-ամյա փոխգնդապետը մեղքի սլաքն ուղղում է իր վերադասին՝ առայժմ առանց անուն տալու։
«Երևի հանձնելու համար պետք է գերեվարումներ կամ զոհեր ունենային, որ հանձնումը հիմնավորեին, իմ կարծիքն է դա: Ես չեմ էլ ուզում քաղաքական այս խաղերի մեջ ներքաշվեմ», - ասաց նա:
Գլխավոր դատախազությունն ավելի քան կես տարվա քննությունից հետո հայտնում է, որ Ղազարյանը մարտական գործողությունների ընթացքում չի կատարել շրջանաձև պաշտպանության անցնելու իր անմիջական պետի հրամանը, փոխարենը ենթականերին նահանջելու հրաման է տվել:
Կես տարի կալանքի տակ անցկացրած, ապա ստորագրությամբ ազատ արձակված գնդապետը, սակայն, պնդում է՝ իր 38 հոգանոց խումբը 13 օր անհավասար մարտեր է մղել իրենց մի քանի անգամ գերազանցող ադրբեջանցիների դեմ. «Մինչև հարձակման նախապատրաստվելը փորձել եմ հակառակորդին ինչ-որ խաբելու, մոլորության մեջ գցելու մի քանի եղանակներ օգտագործել: Ստացվել է, 13-14 օր ստացվել է տվյալ զորամասում: Քիչ քանակությամբ անձնակազմով մարտի բռնվեցինք, զինամթերքի խնդիր կար այդտեղ, ապահովման մի շարք այլ խնդիրներ կային, ու այդ ընթացքում վերադասի կողմից ոչ մի համապատասխան միջոցներ, օգնող ուժեր կամ այլ մնացած մեթոդները ժամանակին տեղ չեն հասել», - նշեց նա:
Ճշտմանը` այսինքն եթե օգնեին, կարո՞ղ էին հետ մղել ադրբեջանական ուժերին, պատասխանեց. «Միանշանակ հնարավոր էր»:
Խծաբերդից և Հին թաղերից գերեվարված 64 զինվորականներից միայն 31-ն են հայրենադարձվել։ Մյուսները լրտեսության, ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու և պատերազմական հանցագործությունների մեղադրանքներով պահվում են ադրբեջանական բանտերում։ Բաքուն նրանց ոչ թե ռազմագերիներ, այլ հանցագործներ է համարում և հրաժարվում է վերադարձնել։
Արսեն Ղազարյանը այսօր պատմեց, որ վերադասի ցուցումով բանակցել է իրենց դիրքեր հասած ադրբեջանցիների հետ, որոնք, սակայն, հրաժարվել են հետ գնալ. «Տեղեկացրել եմ, որ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածք է, իրենք էլ իրենց կողմից ներկայացրել են, որ դա իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք է»:
Իրավապահները փոխգնդապետին մեղադրում են նաև հարձակման մասին մյուս՝ հեռու գտնվող դիրքերի զինվորականներին չտեղեկացնելու համար։ Ինչպե՞ս տեղեկացնեի, եթե կապ չկար, հակադարձում է Ղազարյանը։
Նա, ի դեպ, առաջինն է, ում մեղադրական եզրակացությունն այս գործով հաստատվել և ուղարկվել է դատարան։ Մյուս երկու մեղադրյալների գործը դեռ քննության փուլում է։ Նրանք ևս բարձրաստիճան զինվորականներ չեն։
Պատերազմի ընթացքում կատարած ռազմական հանցագործությունների համար յոթ բարձրաստիճան զինվորական է մեղադրվում։ Նրանցից միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանի գործի նախաքննությունն է ավարտվել։ Գեներալը մեղադրվում է անգործության համար, ինչի հետևանքով զինվորներ են սպանվել, անհետ կորել ու գերի ընկել։