Մատչելիության հղումներ

Բաքվից հնչող հայտարարությունը, թե «արտատարածքային միջանցք չեն պահանջում», Աղաջանյանը  «մանիպուլյատիվ գործելաոճի դրսևորում է» համարում


Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հայտարարությունը, թե Բաքուն արտատարածքային միջանցք չի պահանջում, Հայաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Բաքվի մանիպուլյատիվ գործելաոճի հերթական դրսևորում համարեց։

Աղաջանյանը շեշտեց՝ երբ գործնականում հնարավոր է լինում Բաքվի հետ համաձայնության գալ կարևորագույն դրույթների վերբերյալ, ըստ էության, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցին հասնելիս, ռեժիմի վերաբերյալ շատ հստակ և սկզբունքային տարաձայնություններ են ի հայտ գալիս։ Այստեղ, ըստ Աղաջանյանի, արդեն պարզ է դառնում, որ միջանցք ասելով՝ Ադրբեջանի նախագահը նկատի ունի այն նույն գործունեության ռեժիմը, որն ուղիղ համեմատական է Լաչինի միջանցքի հետ։

Իշխանական պատգամավորը նկատեց՝ եթե լիներ որևէ անհասկացվածություն, վերջին մեկ տարվա հանդիպումների ընթացքում այդ հարցի վերաբերյալ շատ հեշտ կլիներ հստակություն մտցնել։

Վկայաբերելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Աղաջանյանն ասաց՝ փաստաթղթում կա միջանցքի մեկ ձևակերպում, որը վերաբերում է Լաչինի միջանցքին, և այդ միջանցքի գործողության ռեժիմը շատ հստակ և պարզ է բոլոր կողմերի համար։

Երեկ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Ադրբեջանն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը Հայաստանը գրավոր ձևակերպել է և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին՝ շեշտելով, որ պատրաստվում են առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել։ «Այս թեմայով լրացուցիչ պահուստային առաջարկ ունենք», - ասաց գործադիրի ղեկավարը՝ չմանրամասնելով։

Հարցին, թե ի՞նչ առաջարկի մասին էր երեկ խոսում վարչապետը, Աղաջանյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ։

Շուշիում, Ադրբեջանի «հաղթանակի օրվա» կապակցությամբ հանդիսավոր միջոցառմանը, Իլհամ Ալիևը կրկին սպառնալիքներ, մեղադրանքներ, պահանջներ, դժգոհություններ, ռազմատենչ հայտարարություններ հնչեցրեց Հայաստանի հասցեին ու շեշտեց, թե «Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է»։

«Երկու տարի է մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև», - ասաց Ալիևը։

Երեկ, արձագանքելով Ադրբեջանի նախագահին, Հայաստանի վարչապետը հայտարարեց՝ Ալիևը, մանիպուլյատիվ զուգահեռներ անցկացնելով Լաչինի և այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» միջև, հող է նախապատրաստում Արցախը Հայաստանի հետ կապող միակ՝ Լաչինի միջանցքը փակելու համար․ - «Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել, մտացածին հիմքեր Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, Լեռնային Ղարաբաղի հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար»:

«Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին», - եզրափակեց Փաշինյանը:

Աղաջանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG