Մատչելիության հղումներ

Չեմ պատկերացնում՝ Ռուսաստանը պատեհ կհամարի խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. Էդուարդ Աղաջանյան


ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասում է՝ այն տրամադրվածությունը, որը առկա է Ռուսաստանի Դաշնության մոտ, հուշում է, որ ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու հեռանկարի հավանականություն չկա:

«Որևէ նոր զարգացում այս հարցի վերաբերյալ չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց իշխանական պատգամավորը:

Զրույցից որոշ հատվածներ ստորև.

«Ազատություն». - Իլհամ Ալիևի ելույթը Շուշիում և այսօր էլ դրան վարչապետի պատասխանը արդյոք վկայո՞ւմ են, որ բանակցությունները փակուղում են Սոչիից և Վաշինգտոնի բանակցություններից հետո:

Էդուարդ Աղաջանյան. - Պետք չէ ուղիղ կապել Սոչիի կամ Վաշինգտոնի կամ որևէ այլ տեղում տեղի ունեցող հանդիպման հետ, որովհետև սրանք հայտարարություններ են, կամ սա խոսույթ է, որը, ըստ էության, որևէ կերպ պայմանավորված չէ կոնկրետ հանդիպման բովանդակության հետ, որովհետև խոսույթը, ըստ էության, մնում է նույնը, և Ձեր հարցն այս համատեքստում, իհարկե, տրամաբանական է, թե ինչպես է ստացվում, որ նմանատիպ հանդիպումներից հետո, որոնց հետևում են նաև գրավոր հայտարարություններ բոլոր երեք կողմերի կամ Պրահայի դեպքում չորս կողմերի համաձայնությամբ, այնուամենայնիվ դրանց հետևում են տարօրինակ և անհամապատասխան հայտարարություններ:

Սա Ադրբեջանի իշխանությունների գործառույթն է, որը նոր չէ, բայց ցավոք, մենք գործ ունենք նմանատիպ գործընկերների հետ, և սա ամենևին չի հեշտացնում խաղաղության օրակարգի սպասարկման գործընթացը:

«Ազատություն». - Բայց անհամաձայնությունների մասին նաև գրավոր է արձանագրվել, նույն Սոչիում Վլադիմիր Պուտինը դա բանավոր ասաց հանդիպումից հետո, որ չի հաջողվել ինչ-ինչ դրույթների շուրջ գալ համաձայնության, բայց Վաշինգտոնի տեքստում, որ երկկողմանի տարածվեց, նշվում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ կան չլուծված խնդիրներ, որոնք պետք է հասցեագրել: Ինչի՞ մասին է խոսքը:

Էդուարդ Աղաջանյան. - Այդ հայտարարության առնվազն այն մասը, որը Դուք ցիտեցիք, վերաբերում է այն հարցերին կամ այն հարցերի շրջանակին, որոնց շուրջ հայաստանյան և Ադրբեջանի իշխանությունների ընկալումները տրամագծորեն տարբերվում են: Նմանատիպ հարցեր կան, ես չէի ուզի այս պահին դրանց մասին խոսել կամ փակագծերը, բայց խնդիրը կոնկրետ դրույթների մեջ չէ, ինչքան Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքական կամքի խնդիր է՝ իսկապես բովանդակային և երկարաժամկետ խաղաղություն հաստատելու: Ցավոք, Իլհամ Ալիևի ելույթը, որը լի էր հոխորտանքներով և ստերով, չի թույլ տալիս արձանագրել կամ մտածել առնվազն, որ նմանատիպ քաղաքական կամք առկա է ադրբեջանական իշխանությունների մոտ:

Դուք նաև արձանագրած կլինեք, որ իր ելույթում Ադրբեջանի նախագահը, ըստ էության, անհասցե մեղադրանքներ է հնչեցնում միջազգային հանրությանն ուղղված, և այս հատվածը բավականին երկար է, ինչը նշանակում է, որ այնուամենայնիվ, միջազգային հանրության գործոնը ազդեցիկ գործոն է: Եվ որքան էլ վերջինս հոխորտանքներով ելույթներ ունենա, դա նշանակում է, որ այն ազդեցությունը, որը գործում է միջազգային հանրությունը Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, ուղիղ ազդեցություն ունի գործնական, գետնի վրա հնարավոր էսկալացիայի, օրինակ՝ կանխման առումով:

«Ազատություն». - Հայտնի է, որ Երևանը պատասխանել է Բաքվի 5 կետանոց առաջարկին իր դրույթներով: Գոնե այստեղ կմանրամասնե՞ք՝ ինչի մասին է խոսքը:

Էդուարդ Աղաջանյան. - Այս պահին թույլ տվեք ես չմանրամասնեմ, Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա, կարծում եմ:

«Ազատություն». - Անհասկացվածությունը Արցախի հետագա ճակատագրի՞ մասին էր:

Էդուարդ Աղաջանյան. - Ոչ միայն, խոսքը համապարփակ խաղաղության պայմանագրի հիմնադրույթների մասին է, որոնք այս պահին դեռևս բանակցման փուլում են:

«Ազատություն». - Դուք դիտարկո՞ւմ եք սցենար, եթե ռուս խաղաղապահները դուրս են գալիս երեք տարուց:

Էդուարդ Աղաջանյան. - Նմանատիպ սցենարը քիչ հավանական է, կարծում եմ, այնուամենայնիվ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ելույթը՝ նմանատիպ ռիսկի հավանականությունը փոքր-ինչ մեծանում է, բայց չեմ պատկերացնում մի սցենար, երբ ՌԴ-ն պատեհ կամ նպատակահարմար կհամարի դուրս գալու կամ դուրս բերելու իր խաղաղապահ զորախմբին այդ տարածքից: Մենք մեր ռուս գործընկերների հետ, բնականաբար, այս հարցի վերաբերյալ... որևէ նոր զարգացում այս հարցի վերաբերյալ չկա, և այն տրամադրվածությունը, որը առկա է Ռուսաստանի Դաշնության մոտ, մեզ հուշում է, որ նման հեռանկարի հավանականություն չկա:

XS
SM
MD
LG