Հայաստանի վարչապետը երկու օր անց արձագանքեց ու տխրահռչակ որակեց Իլհամ Ալիևի՝ Շուշիի հայտարարությունները։ Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահին մեղադրեց պայմանավորվածությունները չպահելու մեջ. «Ադրբեջանն ուխտադրուժ իր գործելակերպը փորձ է անում վերագրել Հայաստանին»:
Ալիևը մեղադրել, պահանջներ էր ներկայացրել Հայաստանին ու իր խոսքերը համեմել սպառնալիքներով։
«Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին», - ասաց նա:
Փաշինյանը կարծում է, որ Ալիևը, մանիպուլյատիվ զուգահեռներ անցկացնելով Լաչինի և այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» միջև, հող է նախապատրաստում Արցախը Հայաստանի հետ կապող միակ՝ Լաչինի միջանցքը փակելու համար. «Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել, մտացածին հիմքեր Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, Լեռնային Ղարաբաղի հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար»:
Կեսժամանոց ելույթի ընթացքում Փաշինյանը մի քանի անգամ խոսեց այս վտանգի մասին ու հենց դրանով պայմանավորեց Արցախում Պաշտպանության բանակի անհրաժեշտությունը. «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար»:
Վարչապետը մանրամասնեց, որ Սոչիիում եռակողմ հանդիպմանը ինքը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը. «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի Պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ: Այդ առաջարկը, կարծում եմ, շարունակում է ուժի մեջ մնալ: Ապառազմականացման առաջարկ մենք արել և անում ենք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով»:
Այսօր Փաշինյանն անուղղակի պատասխանեց նաև ընդդիմադիր շրջանակներից հնչող մեղադրանքներին, թե հնարավոր է՝ բացի գրավոր փաստաթղթերից, կան նաև այլ պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ. «Պայմանավորվածություն ասելով պետք է նկատի ունենալ հայտարարությունը, որովհետև որևէ այլ պայմանավորվածություն, բնականաբար, չի կարող լինել», - նկատեց նա:
Փաշինյանը կետ առ կետ համեմատեց նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ և 9-րդ կետերը՝ անթույլատրելի որակելով Ալիևի զուգահեռները այսպես կոչված՝ «Զանգեզուրի» և Լաչինի միջանցքի միջև։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում միայն մեկ միջանցքի մասին է հիշատակվում, և դա Լաչինն է:
«Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են: Այդ կետով Հայաստանը ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի: Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել, և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից», - ասաց Փաշինյանը:
Վարչապետն այսօր նաև կետ առ կետ թվարկեց բոլոր այն պարտավորությունները, որոնցից հրաժարվել է Ադրբեջանի նախագահը։ Այդ թվում, ասաց, Ալիևը հրաժարվել է անցած տարի Բրյուսելում ձեռք բերված երկաթուղու վերականգնման պարտավորությունից։
«Ադրբեջանի նախագահը ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը Հայաստանի Հանրապետությունը գրավոր ձևակերպել և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին: Ընդ որում, մենք պատրաստվում ենք առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել: Եվ ընդ որում, մենք այս թեմայով ևս մի լրացուցիչ պահեստային առաջարկ ունենք», - շեշտեց նա:
Փաշինյանն առանձնակի ուշադրություն հրավիրեց ռուս խաղաղապահների մասին Ալիևի հայտարարությունների վրա։ Երկու օր առաջ Ադրբեջանի նախագահը դարձյալ շեշտել էր, որ ռուս խաղաղապահները ժամանակավոր են տեղակայված Լեռնային Ղարաբաղում: Վարչապետը դա ևս եռակողմ փաստաթղթերի խախտում որակեց, կարդաց նոյեմբերի 9-ի փաստաթղթի 4 -րդ կետը, որտեղ ասվում է՝ «խաղաղապահները տեղակայվում են հնգամյա ժամկետով՝ հերթական 5-ամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով»։ Փաշինյանը, սակայն, չընթերցեց իր ստորագրած փաստաթղթի շարունակությունը, որտեղ կա «եթե» բառը: «Եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»։
«Կրկնում եմ, ինքնաբերաբար երկարացումով: Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը, և փարատված չեն Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգային բոլոր մտահոգությունները», - շեշտեց վարչապետը:
Նա վտանգավոր է համարում նաև Բաքվի պարբերական պնդումները, թե իբր Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը։ Սա կարող է նոր ագրեսիայի նախաբան լինել, զգուշացրեց Նիկոլ Փաշինյանը։