Իլհամ Ալիևի վերջին ապակառուցողական հայտարարությունները պետք չէ կապել ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Սոչիի բանակցությունների հետ, հակադարձելով Ադրբեջանի նախագահի երեկ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի առթիվ Շուշիում ունեցած ելույթին՝ հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Ադրբեջանի նախագահն ամբողջ բանակցային գործընթացի համատեքստում, մասնավորապես, հետպատերազմյան ժամանակահատվածում առանձնապես աչքի չի ընկել կոնստրուկտիվիզմով: Դա կապել վաշինգտոնյան գործընթացի հետ, Սոչիի գործընթացի հետ կամ որևէ այլ գործընթացի հետ, կարծում եմ, իմաստ չունի», - նշեց Աղաջանյանը:
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է», - երեկ հայտարարել էր Իլհամ Ալիևը։
Հայաստանը երբեք նման պարտավորություն չի ստանձնել, խոսքը ճանապարհների ապաշրջափակման մասին է, վերահաստատելով պաշտոնական Երևանի նախկինում հնչեցրած հայտարարությունները, թե միջանցքը կարմիր գիծ է Հայաստանի համար՝ ասաց Աղաջանյանը. - «Մեր դիրքորոշումը երբևէ չի փոխվել այդ հարցի վերաբերյալ և չի էլ փոխվելու»:
Ալիևը երեկվա հայտարարության մեջ նաև զուգահեռներ էր անցկացրել Լաչինի ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև:
«Երկու տարի է մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի, չկա տեխնիկա-տնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք», - ասել էր Իլհամ Ալիևը։
Թե ե՞րբ և ի՞նչ փաստաթղթերով է պաշտոնական Երևանը «Զանգեզուրի միջանցքի» իրականացման շուրջ պարտավորություն ստանձնել, Իլհամ Ալիևը չի հստակեցրել։ Իշխանական էդուարդ Աղաջանյանը հակադարձում է` նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության մեջ միայն մեկ միջանցքի մասին է խոսվում և դա Լաչինի միջանցքն է. - «Լաչինի միջանցքը որևէ կերպ համեմատելի չի նրա հետ, ինչը որ իրենք կոչում են «Զանգեզուրի միջանցք»: Խոսքը գնում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին»:
Չնայած իշխանությունների և անձամբ Փաշինյանի բազմաթիվ հավաստիացումներին, որ կուլիսային պայմանավորվածություններ չկան, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգմավոր Իշխան Սաղաթելյանը մտահոգված է, որ Ալիևը կարող էր նկատի ունենալ բանավոր համաձայնությունները։
«Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց կարծես թե արդեն ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն: Եթե անընդհատ ասում է՝ պայմանավորվածություն կա, ուրեմն թող ասի՝ ինչ պայմանավորվածության մասին է խոսքը: Իմ մոտ տպավորություն է, որ՝ այո, կարծես թե այն ժամանակ Նիկոլը դրա բանավոր խոստումը տվել է և հիմա դա են ուզում: Եթե փաստաթղթին են հղում անում, այդ փաստաթղթում միջանցք չկա, բայց անընդհատ ասում են՝ «մենք ունենք պայմանավորվածություն»: Մենք հենց դրա համար ենք ասում՝ այս մարդու գնալով այդ հարցն էլ է լուծվում, ինքն իր հետ տանում է իր բոլոր պայմանավորվածությունները», - ընդգծեց Սաղաթելյանը:
Երեկվա ելույթի մեծ հատվածը Ալիևը հատկացրել էր Հայաստանին ուղղված սպառնալիքներին։ Ընդդիմադիրները սա որպես շանտաժի փորձ են որակում։
«Ակնհայտ է, որ ամառվանից ծավալվող իրադարձությունները, ես խոսում եմ օգոստոսյան լարվածության մասին, սեպտեմբերյան ագրեսիայի մասին, հռետորաբանության մասին, խոսում եմ ի հեճուկս միջազգային հանրության ճնշող մեծամասնության կողմից զորքերի դուրսբերման կոչերին Ալիևի՝ զորքերի տեղաշարժը չապահովելը, դրանից կարող ենք եզրակացնել, որ իրապես առկա են ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, որոնք պատուհաս են դարձել արդեն իսկ մեր երկրի համար: Ալիևի և մի քանի օր առաջ նաև Բայրամովի արած հայտարարությունները վտանգ են պարունակում նաև մի շարք այլ ասպեկտներով՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ցամաքային կապի և հնարավոր կրկնվող ագրեսիայի հետ կապված: Չեմ ուզում գուժակ լինեմ և սրա մասին խոսեմ», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Ալիևն վերջին ելույթի ժամանակ կրկին պահանջ է ներկայացրել Հայաստանի իշխանություններին` դուրս բերել զորքը Լեռնային Ղարաբաղից, հակառակ դեպքում սպառնացել՝ Ադրբեջանը համապատասխան քայլեր կձեռնարկի։ Ալիևի սպառնալիքներին մինչ այս պահը չի հակադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։