Մատչելիության հղումներ

Թուրքիան չի շտապում հավանություն տալ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը. ՆԱՏՕ-ում հակառակն են պնդում


Անկարան չի շտապում կանաչ լույս վառել Ֆինլանդիայի և Շվեդիայի համար ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին՝ հայտարարելով, որ թուրքական կողմի ոչ բոլոր պահանջներն են կատարված։ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հակառակն է պնդում՝ սկանդինավյան զույգը կատարել է ստանձնած պարտավորությունները և օր առաջ պետք է դաշինքի լիիրավ անդամի կարգավիճակ ստանա։

«Ֆինլանդիան և Շվեդիան կատարել են Թուրքիայի պահանջները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և ժամանակն է ոչ միայն նրանց հրավիրել, նրանք վաղուց հրավիրված են, այլև նրանց դարձնել դաշինքի լիիրավ անդամ»,- երեկ Ստամբուլում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Ներկայիս պայմաններում չափազանց կարևոր է, որ հստակ ազդակ ուղարկենք Ռուսաստանին, որպեսզի որևէ սխալ թույլ չտանք հաշվարկներում», - ասել է նա։

Ռուսաստանի սկանդինավյան հարևանների անդամակցությունը պետք է հաստատեն ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրները, այդ թվում՝ Թուրքիան։ Վաշինգտոնի գլխավորած ռազմական դաշինքում համոզված են, որ Եվրամիության զարգացած այդ պետությունների մուտքը էլ ավելի կամրապնդի կառույցը։ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությամբ Բալթիկ ծովը փաստացի կդառնա «ՆԱՏՕ-ի լիճ», որը սահմանակից է ութ անդամ երկրներին:

«Նրանց անդամակցությունը մեր դաշինքն ավելի ուժեղ կդարձնի, իսկ մեր ժողովուրդներին՝ ավելի անվտանգ», - հավելել է Ստոլտենբերգը:

Հյուսիսատլանտյան ռազմական կառույցի ղեկավարն այս հայտարարությունները այսօր ևս մեկ անգամ կփորձի հնչեցնել նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը։ Նույն օրակարգով հաջորդ շաբաթ էլ Շվեդիայի վարչապետը կայցելի Թուրքիա։

1953 թվականից ՆԱՏՕ-ին անդամակցող և այդ դաշինքի մեծությամբ երկրորդ բանակն ունեցող Թուրքիայի իշխանությունները բացեիբաց ասում են՝ դեռևս պատրաստ չեն հավանություն տալ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը։ Հակադարձելով Ստոլտենբերգին՝ Չավուշօղլուն երեկ հայտարարել է, որ թեև Թուրքիայի և Շվեդիայի հարաբերություններում որոշակի առաջընթաց նկատվում է, այդուհանդերձ Հելսինկիի և Ստոկհոլմի՝ դաշինքի անդամակցության մասին խոսելը դեռ վաղ է. «Չենք կարող ասել, որ այդ երկու երկրներն ամբողջությամբ կատարել են հուշագրի պահանջները»։

Սկանդինավյան չեզոք երկրները ռազմական դաշինքի անդամակցության անհրաժեշտություն են տեսել հարևան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումից հետո։ Ի սկզբանե բախվելով Անկարայի հակազդեցությանը՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի առաջնորդները Թուրքիայի հետ եռակողմ հուշագիր են ստորագրել՝ խոստանալով օգնել Անկարային ահաբեկչության դեմ պայքարում, քննարկել մի խումբ քուրդ ակտիվիստների արտահանձնումը, վերացնել զենքի մատակարարման ավելի վաղ սահմանված արգելքը։

Հուշագրի ստորագրումից չորս ամիս անց Անկարան անկատար է համարում իր գլխավոր պահանջը՝ քուրդ ընդդիմադիրների արտահանձնումը, որոնց Թուրքիան ահաբեկիչ է համարում՝ մեղադրելով 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։

«Ֆինլանդիան և Շվեդիան չեղարկել են էմբարգոն և փոփոխություններ կատարել օրենսդրությունում։ Բայց այդ ամենը բավարար չէ։ Մենք սպասում ենք նրանց կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների կատարմանը»,- ասել է թուրք նախարարը։

ՆԱՏՕ-ի ընդլայնմանը խոչընդոտող Անկարայի փորձերի ֆոնին՝ ընդդիմախոսները հարց են հնչեցնում՝ արդյոք Էրդողանը սկանդինավյան երկրների անդամակցությունն օգտագործո՞ւմ է որպես սակարկության առարկա, մասնավորապես Վաշինգտոնի հետ ունեցած բարդ հարաբերություններում, թե՞ նման կոշտ դիրքորոշում որդեգրելով փորձում է իր երկրի ներսում սեփական վարկանիշը մեծացնել։

Bloomberg պարբերականը դեռ ամիսներ առաջ, վկայակոչելով թուրքական իր աղբյուրները, գրել էր, որ Անկարան Ռուսաստանի հարևանների պատմական որոշմանը հավանություն տալու դիմաց մի շարք պահանջներ է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ նախ և առաջ վերականգնել Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ստեղծման և արտադրության ծրագրում, որից վտարվել էր ռուսական զենքի գործարքի պատճառով։

Ի դեպ, այսօր Թուրքիայի նախագահի խոսնակը «Սիէնէն թյուրքի» (CNN Türk) հետ զրույցում հայտարարել է, որ այդ ծրագրում Անկարայի մասնակցության վերականգնման գործընթացում դրական տեղաշարժեր կան։ Իբրահիմ Քալընի խոսքերվ՝ Ջո Բայդենի վարչակազմը անկեղծ ջանքեր է գործադրում այդ հարցում։

«Դժվար է հստակ կանխատեսում անել, բայց կարծեք, թե մեծ հավանականություն կա, որ առաջիկա մեկ-երկու ամսում այդ գործընթացը կավարտվի»,- հայտարարել է Էրդողանի խոսնակը։

XS
SM
MD
LG