Մատչելիության հղումներ

Շվեդիան վերստին հավաստիացրել է՝ կկատարի էրդողանի պահանջները


Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոն
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոն

Շվեդիան, որ տարիներ շարունակ ապաստան էր տալիս թուրքական իշխանությունների կողմից ահաբեկիչ համարվող և հետապնդվող քրդերին ու գյուլենականներին, այսօր վերստին հավաստիացրել է, որ անշեղորեն կկատարի էրդողանի պահանջները` նրանց արտահանձնելու վերաբերյալ: Հակառակ դեպքում Անկարան սպառնում է արգելափակել Ստոկհոլմի անդամակցությունը Հյուստատլանտյան ռազմական դաշինքին: ​

«Շվեդիայի, Թուրքիայի և Ֆինլանդիայի միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել, և, իհարկե, շվեդական կառավարության տեսանկյունից մենք գործելու ենք այդ հուշագրի համաձայն», - ասել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը:

Ի կատարումն այս համաձայնագրի` անցած շաբաթ Շվեդիան առաջին անգամ բավարարել էր թուրքական կողմի պահանջն ու արտահանձնել արդեն 2016-ից երկրում ապաստանած Օքան Քալեին, ում հայրենիքում սպառնում է 14 տարվա ազատազրկում` խարդախության մեղադրանքով: Այսօր Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը նաև այս մասին է խոսել, ու պնդել, թե Անկարայի բոլոր դիմումները քննվելու են տեղական և միջազգային օրենքների համաձայն:

«Իհարկե, Շվեդիայում արտահանձնման դիմումները քննվելու են շվեդական և միջազգային իրավունքին համապատասխան, ինչպես մենք պայմանավորվել էինք փոխըմբռնման հուշագրում: Անցած շաբաթվա գործը հենց այս սկզբունքներով է քննվել, և մենք շարունակելու ենք նույն կերպ աշխատել», - ընդգծել է վարչապետը:

Նույնաբովանդակ հավաստիացումներ են հնչել նաև հարևան Ֆինլանդիայից, որը ևս ուզում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Հելսինկին ևս երեկ վստահեցրել է, թե կարևորում է Թուրքիայի մտահոգությունները ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու հարցում:

Ամիսներ առաջ, երբ սկանդինավյան այս երկրները հայտարարեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին, Թուրքայի նախագահը սպառնաց ագրելափակել այս գործընթացը, քանի դեռ վերջիններս չեն արտահանձնել թուրքական իշխանությունների կողմից հետախուզվող կամ դատապարտված տասնյակ անձանց:

Անկարան վերջիներիս մեղադրում է ծանր հանցանքների, այդ թվում` ահաբեկչության մեջ: Թուրքական իշխանությունների ներկայացրած ցանկում, են, օրինակ լրագրող Բյուլենթ Քենեսը, իշխանությունների կողմից փակված թուրքական Today's Zaman պարբերականի երբեմնի գլխավոր խմբագիրը, ուսուցչուհի Այսեն Ֆուրհոֆը, որը ազատազրկման է դատապարտվել երիտասարդ տարիքում կոմունիստական կուսակցությանը անդամակցելու համար, թուրք մտավորական, գրող, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն, որը 2012-ից Շվեդիայում է ապաստանել և Թուրքիայում մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու և քրդական զինված խմբավորումների հետ կապ ունենալու» համար։

Անկարան դեռ պնդում է, որ սկանդինավյան երկու երկրի ճանապարհը դեպի ՆԱՏՕ չի ավարտվել և զգուշացնում է՝ թուրքական Մեջլիսում Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը կվավերացվի միայն իրենց պահանջների լիարժեք կատարման դեպքում:

XS
SM
MD
LG