Մատչելիության հղումներ

Մեղադրյալի հայտնի չլինելու հիմքով բանակում հրթիռների վրայից գողության գործը կասեցվել  է. Գլխավոր դատախազություն


«Պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, որ պարզվեց, որ ասենք ահասարսուռ անուններով հրթիռներից կարող ա պլատաներ են հանել, որի մեջ ոսկի կա», - օրերս Հակակոռուպցիոն կոմիտեում հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Մեղադրյալի հայտնի չլինելու հիմքով բանակում հրթիռների վրայից գողության գործը կասեցվել է, վարչապետ Փաշինյանի անցած շաբաթվա հայտարարությունից հետո «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից։

Հրթիռներից ոսկյա դետալների հափշտակության քրեական գործը, ըստ դատախազության հարուցվել է դեռ 2019-ի օգոստոսին։ Իր խոսքում, սակայն, Փաշինյանը ներկայացնում էր այնպես, որ այդ խնդրին բախվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում. - «Գործիքը վերցրած գնում են օգտագործելու, հետո պարզվում ա էդ գործիքի կաղապարը կա, մեջի ամբողջ պարունակությունը հանված ա և հայտնի չի ով ա հանել... Բայց դա չի էականը։ Փաստն էն ա, որ էդ գործիքով էլ հնարավոր չի լինում էդ խնդիրը լուծել»։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

Վարչապետ Փաշինյանի իշխանությունը շուրջ մեկ տարի ժամանակ ուներ խնդիրը կարգավորելու համար, բայց նա դարձյալ մանիպուլացնելով փաստերը փորձում է նոր մեղավորներ կարգել, կարծում է այս գործը ուսումնասիրած ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը. - «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը պարզաբանումներով ասեց՝ Նիկոլ Փաշինյանը սը-տա-խոս է։ անպատասխանատու, ուղղակի սեփական խոսքի արժեքը չիմացող պահվածք է։ Առաջին դեպքը չէ, երկրորդ դեպքը չէ Փաշինյանի դեպքում։ Դատախազության պաշտոնական պարզաբանումը վկայում է, որ Փաշինյանը իրականում դարձել է քաղաքական դատավճիռներ կայացնող ու հանրությանը մոլորեցնող, պատերազմի պարտության համար ամեն օր նորանոր մեղադրյալներ կարգող»։

Մյուս դրվագով, որը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ըստ դատախազության, մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է ուղարկվել դատարան, և կա մեղադրական դատավճիռ։ Այլ մանրամասներ դատախազությունը չի փոխանցում։

Արթուր Սաքունց
Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը առավել խնդրահարույց է համարում իրավապահների աշխատանքը։ Ասում է, որ հարցեր ավելի շատ առաջացնում է քննության իրականացումը, ինչպե՞ս կարող է նման դեպքի առթիվ միայն մեկ անձի մեղադրանք առաջադրել, ապա մեկ այլ դրվագով կասեցնել. - «Դա անգործություն, հանցավոր անգործություն... Քո անվտանգությունը դիտավորյալ վնասել են, պաշտպանունակությունդ դիտավորյալ նվազեցրել են, այսինքն՝ քննության արդյունավետությունը խիստ կասկածի տակ եմ դնում։ Ի՞նչ ա նշանակում մեկ անձն ա մեղավոր, ի՞նչ ա նշանակում անձին չեն բացահայտել...»

Փաշինյանը այս թեմայով առաջին անգամ չէ, որ խոսում է։ Դեռ 2021 թվականի մայիսի 28-ին իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբում, քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, դարձյալ այս օրինակը ներկայացնելով, առավել հստակ էր նշել , որ խոսքը վերաբերում է S300-ին. - «Ցավոք սրտի, Հայաստանում կան մարդիկ, ովքեր S300-ի վրայից... սպա... պատկերացնո՞ւմ եք։ S300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի երեսուն-քառասուն հազար դրամով։ Բա եթե էսպիսի երևույթ կա Հայաստանի Հանրապետությունում, բա իհարկե կմեղադրեն, ամեն ինչի մեջ էլ կմեղադրեն։ Բայց դուք պետք ա իմանաք, որ մենք մեր երկրի նկատմամբ հարյուր տոկոսով ազնիվ ենք»։

Դատախազությունը չի պատասխանել նաև «Ազատության» հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյոք իր հայտնած տեղեկությունների առնչությամբ հրավիրվել է հարցաքննության, թե ոչ։

XS
SM
MD
LG