Մատչելիության հղումներ

Պետդեպը մեկնաբանում է հայ - ադրբեջանական կարգավորման ամերիկյան նախագծի գոյության մասին Պուտինի հայտարարությունը


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունն ուրբաթ օրը մեկնաբանել է հոկտեմբերի 27-ին «Վալդայ» ակումբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած ելույթի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրին վերաբերող հատվածը։

«Շարունակվում են խեղաթյուրումները, գուցե նույնիսկ ավելի ճիշտ կլիներ դրանք ապատեղեկատվություն անվանել, որոնք հնչում են մի շարք շրջանակներից, այդ թվում՝ Մոսկվայից, և վերաբերում են հայ - ադրբեջանական հարաբերություններում մեր մտադրություններին», - հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Պետքարտուղարության խոսնակը, սակայն, ուղիղ կերպով չի պատասխանել ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցի հարցին՝ գոյություն ունի՞ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամերիկյան նախագիծ, թե՞՝ ոչ։ Փրայսը միայն նշել է, որ Միացյալ Նահանգները 1991 թվականից ի վեր միանշանակորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանը։

Խոսելով Սոչիում հոկտեմբերի 31-ին կայանալիք բանակցությունների մասին՝ Փրայսը նշել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ կազմակերպվող բանակցություններին մասնակցելը Երևանի և Բաքվի ընտրությունն է։

«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Կարող եմ միայն կրկնել, որ այդ երկու երկրների գործն է, թե իրենք ինչ մոտեցում կորդեգրեն առաջիկա բանակցությունների նկատմամբ։ Կարծում եմ, սակայն, որ աշխարհը շատ լավ տեղյակ է, որ Ռուսաստանը չի հարգում իր հարևանների ինքնիշխանությունը։ Դա են վկայում 2008 թվականի ներխուժումը Վրաստան և ներկայիս արյունալի ներխուժումը Ուկրաինա», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը։

XS
SM
MD
LG