Մատչելիության հղումներ

«Վալդայ» ակումբում Պուտինի հայտարարություններից հետո Արևմուտքը կոշտացնում է հռետորաբանությունը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կասկածի տակ է դրել Վլադիմիր Պուտինի պնդումը, թե Ռուսաստանը մտադիր չէ Ուկրաինայում միջուկային զենք կիրառել. - «Եթե նա մտադրություն չունի, ինչո՞ւ է անընդհատ խոսում այդ մասին, ինչո՞ւ է խոսում մարտավարական միջուկային զենք կիրառելու ունակության մասին»։

Երեկ Ռուսաստանի նախագահը «Վալդայ» ակումբում հայտարարել էր, թե Մոսկվան ոչ թե սպառնում է միջուկային զենքով, այլ միայն պատասխանում է արևմտյան առաջնորդների միջուկային շանտաժին։ Պուտինը երեկ նաև կրկնել է ռուսական կողմի պնդումը, թե Ուկրիանան պատրաստվում է «կեղտոտ ռումբ» օգտագործել իր տարածքում. - «Միջուկային սպառնալիքների և միջուկային զենքի հնարավոր կիրառման շուրջ այսօրվա աղմուկի նպատակը շատ պարզ է: Ես արդեն ասել եմ, որ Արևմուտքի ճնշման փորձերը նպատակին չեն հասնում։ Եվ նրանք լրացուցիչ փաստարկներ են փնտրում, որպեսզի համոզեն մեր ընկերներին կամ չեզոք պետություններին, որ պետք է բոլորով միասին կանգնեն Ռուսաստանի դեմ»:

Կիևը հերքում է այս մեղադրաքները։ Ուկրաինայի իշխանությունների հրավերով առաջիկա օրերին արդեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները կմեկնեն Ուկրաինա` պարզելու, թե որքանով են հիմնավոր ռուսական կողմի այդ պնդումները:

Ռուսաստանի առաջնորդը երեկ կրկին մերժել է Ուկրաինայի ինքնիշխանության գաղափարը՝ ասելով, թե «ուկրաինական ինքնիշխանության միակ իրական երաշխիքը» կարող է լինել Ռուսաստանը, որն էլ «ստեղծել է» ժամանակակից Ուկրաինան։ Պուտինը կրկին շեշտել է, թե ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովուրդ են, որ սխալմամբ բաժանվել են տարբեր պետությունների։

Ռուսաստանի նախագահի այս հայտարարությունների ֆոնին Արևմուտքն իր հերթին է կոշտացնում հռետորաբանությունը։ Գերմանիայի նախագահն այսօր տեսաուղերձով դիմել է իր ժողովրդին` հորդորելով միավորվել և ապացուցել, որ Գերմանիայի քաղաքացիները ունակ են դիմանալ ամենադաժան ժամանակներին և դիմակայել ամենադժվար ճգնաժամերին։

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր

Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ուղիղ տեքստով Պուտինին մեղադրեց «կայսերական խելագարության» մեջ՝ հավելելով. - «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան նվաճողական պատերազմը ոտնահարել է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը։ Հարձակվելով Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանը զրոյացրեց բոլոր այն դասերը, որոնք աշխարհը քաղել էր երկու համաշխարհային պատերազմներից»։

Պուտինը ևս երեկ ընդունել է, որ Ռուսաստանը բարդ իրավիճակում է հայտնվել։ Առանց օգտագործելու պատերազմ բառը` Կրեմլի ղեկավարը ասել է, որ կան կորուստներ, միաժամանակ հանգստացրել է, թե վերջում ամեն ինչ լավ է լինելու։

Ռազմի դաշտից ստացվող տվյալները, սակայն, լավատեսության հիմք ռուսական կողմին չեն տալիս։ Դոնեցկի ուղղությամբ առաջխաղացման փորձերը ձախողվում են, Բախմուտի մոտ շարունակվող մարտերում բեկում չկա: Առաջիկայում է'լ ավելի թեժ մարտեր են սպասվում երկրի հարավում ՝ Խերսոնի համար:

Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի

Թեև ռուսական կողմն այսօր ավարտել է տեղի բնակչության տարհանումը, սակայն նահանջի նպատակ չունի, իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահը: Ըստ Զելենսկու, ռուսական կողմը տեղում ամրապնդել է պաշտպանությունը և հիմա ուզում է խորամանկորեն ուկրաինացիներին այդտեղ հարձակման տանել. - «Նրանք չեն պատրաստվում հեռանալ Խերսոնից, բայց գիտեն, որ եթե մեզ հաջողվի հակահարձակման գնալ, նրանք շրջապատման մեջ կհայտնվեն։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։

Մինչ այդ Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Մարիինսկում հոգևորական Ալեքսանդր Սոկոլովը, մոբիլիզացվածներին ուկրաինական թեժ ճակատ ճանապարհելիս հորդորել է նախապես աղոթել պատերազմ մեկնողների համար, ոչ թե «սպասել, մինչև դագաղները գան. - «Բոլորդ մկրտված եք, բայց եկեղեցում մարդ չկա։ Ինչի՞ն եք սպասում։ Մինչև դագաղները գա՞ն, կամ ի՞նչ։ Պետք է աղոթել Աստծուն, ապաշխարել, ներում խնդրել»:

Միաժամանակ ռուսական կողմը շարունակում է ուկրաինական բնակավայրերի և էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծությունը։ Այս գիշեր ռմբակոծվել են Նիկոլաև և Նիկոպոլ քաղաքները։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը այսօր ակնարկել է, թե Ուկրաինայի էներգետիկ համակարգին հարվածները կդադարեն միայն այն բանից հետո, երբ Կիևը ճանաչի ուկրաինական շրջանների անեքսիան։ Telegram-ի իր ալիքում Մեդվեդևը գրել է, թե Ուկարինայում Էներգամատակարարման կայունության ուղին տարբեր է. «պետք է ճանաչել այսպես կոչված հատուկ ռազմական օպերացիայի շրջանակներում Ռուսաստանի պահանջների օրինականությունը։ Դրանից հետո լույս կլինի»։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Մեդվեդևի այս հայտարարությունն անվանել է «պետական մակարդակով ահաբեկչության պաշտոնական ճանաչում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG