Պաշտոնական այցով արդեն 3-րդ օրը Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարարին այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, անվտանգային միջավայրի շուրջ։
Փաշինյանը կարևորել է նախօրեին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը։
«Կարծում եմ՝ այդ քայլը փոխադարձաբար արտահայտում է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մտադրությունները հարաբերությունների զարգացման առումով», -ասել է վարչապետը՝ շարունակելով․ - «Իհարկե, երկկողմ հարաբերությունների մեր օրակարգը շատ հագեցած է, բայց կարծում եմ նաև, որ մենք այդ օրակարգը պետք է ավելի երկարաժամկետ պլանավորման տրամաբանության մեջ դնենք»։
Իրանի արտգործնախարարը Փաշինյանին է փոխանցեց Իրանի նախագահի՝ Թեհրան այցելելու հրավերը։ Ըստ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Նյու Յորքում Փաշինյան-Ռաիսի հանդիպմանը շատ կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել։ Թեև իրանցի պաշտոնյան խոսել է ընդհանուր ճանապարհային քարտեզի մասին, բայց կառավարությունն այս մասին այլ մանրամասներ չի փոխանցում։
«Այսօր ես և իմ գործընկերները Հայաստան ենք այցելել, որպեսզի պարոն Արարատ Միրզոյանի հետ երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը», - ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը Աբդոլլահիանը խոսել է Հարավային Կովկասի երեք երկրների ու տարածաշրջանի երեք տերությունների «3+3» հարթակի հնարավորությունը օգտագործելու անհրաժեշտությունից, դարձյալ դեմ արտահայտվել տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը։
Թեհրանը շարունակում է կտրուկ դեմ արտահայտվել Սյունիքով միջանցք պահանջելու Ադրբեջանի հայտարարություններին։ Երեկ Սյունիքում հյուպատոսարանի բացման ժամանակ արտգործնախարարը հայտարարել էր՝ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։
«Իրանի իսլամական Հանրապետությունը Հայաստանի անվտանգությունը և տարածաշրջանի անվտանգությունը համարումէ իր անվտանգությունը», - ասել է Աբդոլլահիանը։
«Տարածաշրջանում Թեհրանի այս ակտիվությունը նորություն է»
Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ տարածաշրջանում Թեհրանի այս ակտիվությունը նորություն է և դա միջազգային հարաբերություններում խաղաքարտեր է փոխում։
«Ամեն ինչ կախված է դրա հետ, որ վտանգներ է տեսնում։ Այդ երկիրն առանց այդ էլ երկար տարիներ լինելով սանկցիաների տակ, տեսնում է պոտենցիալ ոտնձգություն կապված Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, և փորձ է անում արդեն անմիջական մուտք գործի այդ հարաբերություններ, մի բան որ մենք չենք տեսել, ղարաբաղյան պատերազմի ժամանակ 2020 թվականին Իրանը կարծես ամեն կերպ փորձում էր մի կողմ քաշվել», - ասաց Սարգսյանը։
Այս ամիս Աստանայում Ալիև-Ռաիսի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Իրանը կրկին նախազգուշացումներ է տվել Ադրբեջանին։ Միաժամանակ, Ռաիսին ընդգծել է, որ իրանական կողմի համար անընդունելի է տարածաշրջանում «եվրոպական զինվորական ներկայություն՝ ցանկացած պատրվակով»:
Վերլուծաբանի կարծիքով՝ ակնարկը վերաբերում է Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշմանը, որի համաձայնությունը ձեռք էր բերվել Պրահայում Փաշինյան-Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ:
«Իրանն այստեղ էլի տեսավ վտանգ, որ դրա հետևից կարող են տարածաշրջան արևմտյան զորքեր մտնեն։ Ես ասեմ, որ սա շատ ավելի մեծ պրոբլեմ է ըստ երևույթին իր համար, որովհետև արդեն իսկ հակասության մեջ է մտնում իր մյուս թեզի հետ, որ «մենք կանք, մեն թույլ չենք տա»։ Դրա համար փորձում է ինքը քայլեր անի, բնական է, Հայաստանի հետ կապված, ամեն կերպ փորձի Հայաստանին համոզել, որ հենց ինքն է գառանտ, հենց իր հետ պետք է աշխատել, այդ քայլն էլ՝ Կապանում դնել հյուպատոսությունը, փորձել ցույց տալ, որ տեսեք, մենք պրակտիկ գործեր ենք անում, պետք չի դիմել ուրիշներին», - ասաց վերլուծաբանը։
Իրանի մյուս գործնական քայլը Մանվել Սարգսյանը համարում է Իրան-Ադրբեջան սահմանին անցկացրած վերջին զորավարժությունները։ Բայց ինչպիսին կլինի Իրանի արձագանքը, եթե Ադրբեջանը որոշի ուժի միջոցով Հայաստանից միջանցք ստանալ։ Այս վտանգի մասին Հայաստանյան իշխանությունները մեկ անգամ չէ, որ խոսել են։
«Այդ երկրի հյուսիսային, հյուսիս-արևմտյան տարածքներում մեծ թուրքալեզու բնակչություն կա, և մենք տեսել ենք ղարաբաղյան այս վերջին պատերազմի ժամանակ ինչպես պրոբլեմներ ստեղծվեցին Իրանի իշխանությունների համար․ նրանք ցույցեր արեցին, արգելեցին զենք տեղափոխել Հայաստան։ Այսինքն՝ բարդ երկիր է դեմոգրաֆիկ տեսանկյունից», - ասաց Սարգսյանը։
Իրանի կառավարությունը դեռ անցյալ տարվա դեկտեմբերին էր որոշել Կապանում հյուպատոսություն բացել: Իսկ այս տարվա օգոստոսի նշանակվել էր գլխավոր հյուպատոսը։