Մատչելիության հղումներ

«Հայաստան եմ այցելել ճանապարհային քարտեզ սահմանելու համար». Իրանի ԱԳ նախարարը՝ ՀՀ վարչապետին


«Հայաստան ենք այցելել, որպեսզի պարոն Արարատ Միրզոյանի հետ երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը», - այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանկ ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ճանապարհային քարտեզից մանրամասներ չհայտնելով։

Իրանի ԱԳ նախարարը շեշտել է՝ կարևորում են հարևան պետությունների հետ հարաբերությունները՝ հատկապես Հայաստանի Հանրապետության հետ։

Ընգծելով, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին այդ օրակարգն ավելի երկարաժամկետ պլանավորման տրամաբանության մեջ դնելու ցանկություն է հայտնել։

Ըստ վարչապետի գրասենյակի՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել տնտեսական համագործակցությանը: Երկուստեք կարևորվել է առևտրաշրջանառության ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային միջավայրի շուրջ: Վարչապետը կարևորել է իրանական կողմի հստակ գնահատականները և ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ գործակցությունը:

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանն իրանցի արտգործնախարարը խոսել է Հարավային Կովկասի երեք երկրների ու տարածաշրջանի երեք տերությունների «3+3» հարթակի հնարավորությունը օգտագործելու անհրաժեշտությունից, դարձյալ դեմ արտահայտվել տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը։

Աբդոլլահիանը հոկտեմբերի 20-ին է ժամանել Երևան։ Երեկ նա Սյունիքի մարզկենտրոն Կապանում մասնակցել է Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը։ Նա հայտարարել է, որ Իրանը «Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը». «Մեր քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները», -ասել է Աբդոլլահիանն՝ ընդգծելով՝ Հայաստանը հանդիսանում է Հյուսիս-հարավ միջանցքի կարևոր մաս, և իրանական կողմը պատրաստվում է առավելագույն ջանքեր գործադրել այս տարանցիկ ուղին զարգացնելու համար:

Երեկ Իրանի արտգործնախարարը հանդիպել է նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ և ընդգծել՝ Իրանը դեմ է բարեկամ Հայաստանի հետ սահմանի կամ տարանցիկ ուղու հանդեպ խոչընդոտներին և կողմնակից է տարածաշրջանի զարգացմանը։

XS
SM
MD
LG