Մատչելիության հղումներ

Bellingcat-ը հայ գերիների գնդակահարության մի շարք մանրամասներ է բացահայտել


Այս ամսվա սկզբին համացանցում տարածված սահմռկեցուցիչ տեսանյութը, որտեղ երևում է` ինչպես են մի խումբ զինվորականներ բարձունքի վրա գնդակահարում շարքով շարված 9 անզեն գերիների, նկարահանվել է Սև լճի մերձակայքում, ամենայն հավանականությամբ` սեպտեմբերի 13-ին, պնդում է հեղինակավոր Bellingcat-ի վերջին հետազոտությունը:

Հետաքննող խմբի փորձագետ Կարլոս Գոնսալեսը, համադրելով Google-ի քարտեզները, արբանյակներից ստացված նկարներն ու բաց աղբյուրներում առկա մի շարք այլ տվյալներ, արձանագրել է` տեսանյութում լսվող ադրբեջաներեն բառերից, ինչպես նաև զինվորականների համազգեստի տարբերանշաններից կարելի է ենթադրել, որ նրանք Ադրբեջանի զինված ուժերից են:

Պաշտոնական Բաքուն հրաժարվել է մեկնաբանություններից. արտգործնախարարությունը Bellingcat-ին ասել է` մինչև քննության ավարտը իրենք որևէ բան չեն կարող ասել, միաժամանակ պնդել է` եթե իրավապահները պարզեն, որ իրենց զինվորները մեղավոր են, նրանք կենթարկվեն պատասխանատվության:

Մինչ Բաքվի հետաքննության ավարտը, անկախ փորձագետն արձանագրել է` 17 վայրկյանանոց տեսանյութում անզեն մարդկանց ուղղությամբ կրակ են բացում զինված տղամարդկանցից առնվազն երեքը: Դրանից առաջ լսվում է` ինչպես է մեկն ադրբեջաներենով ասում` «մի՛ կրակիր», կրակոցներից հետո` «դադարեցրո՛ւ կրակը»` կրկին ադրբեջաներենով: Տեսանյութի վատ որակի պատճառով, սակայն, փորձագետին չի հաջողվել պարզել` ներկաներից կոնկրետ որն է փորձում կանխել սպանությունները:

Դեռևս այս ամսվա սկզբին Libération֊ի երկու լրագրողներ տեղորոշել են տեսանյութում երևացող պատկերներն ու պնդել, թե այն նկարահանվել է Սև լճի հարավում` Հայաստանի տարածքում ընկած լեռնաշղթայի վրա: Bellingcat-ն անկախ հետաքննության արդյունքում հաստատել է ֆրանսիացի լրագրողների այս եզրակացությունը: Համեմատելով արբանյակային լուսանկարները, փորձագետը միաժամանակ նշում է` հայկական կողմն այս տարածքում իր դիրքը բոլորովին վերջերս էր ամրացրել` ադրբեջանական հարձակումից մեկ ամիս առաջ, օգոստոսի 15-16-ը:

Bellingcat-ը հետազոտել է նաև կրակողների համազգեստն ու զենքը: Ինքնաձիգը, որից կրակ են բացում գերիների ուղղությամբ, ամենայն հավանականությամբ AK-74 է, որի մոդելները, ըստ հաղորդումների, արտադրվում են մի շարք երկրներում, այդ թվում` Ադրբեջանում:

Հանդերձանքի համեմատությունը բաց աղբյուրներում առկա այլ տվյալներ հետ ցույց է տվել, որ համազգեստը թուրքական ծագում ունի և վերջին տարիներին օգտագործվում է ադրբեջանցի զինվորականների կողմից: Փորձագետը նշում է, որ առնվազն 2013֊ից Ադրբեջանի կանոնավոր բանակն ու ներքին զորքերը կրում են թուրքական համազգեստներ, նույնն է պնդել նաև զինվորական համազգեստների գծով փորձագետ Ռիք Քոլը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը չի հաստատել, բայց և չի հերքել սեփական բանակի մեղսակցությունը կատարվածին: Քանի դեռ ակտիվ քննություն է ընթանում, Ադրբեջանը չի մեկնաբանի կոնկրետ դրվագներ, Bellingcat-ին ասել են ադրբեջանցի պաշտոնյաները: Բաքուն միաժամանակ պնդել է, թե Ադրբեջանը 11 քրեական գործ է հարուցել սեփական զինվոների դեմ` պատերազմի օրենքը խախտելու համար, ի տարբերություն Հայաստանի, որը, նրանց բնորոշմամբ, «արդյունավետ քայլեր չի ձեռնարկել պատերազմական հանցագործությունները կանխելու, մեղավորներին պատասխանատվության կանչելու համար»:

Bellingcat-ն, իր հերթին, նշում է, որ շարունակում է հետաքննել հայ ֊ ադրբեջանական սահմանին արված տեսանյութերը, որոնք ի ցույց են դնում վերջին բախումների ժամանակ տեղի ունեցած հնարավոր այլ պատերազմական հանցագործություններ:

Մինչ այդ` անցած շաբաթ էլ հեղինակավոր Human Rights Watch-ն էր պնդել, որ հայ ռազմագերիների գնդակահարումը պատերազմական հանցագործություն է, որի մեղավորները պետք է պատասխանատվության կանչվեն:

Միջազգային այս կազմակերպությունը ևս ուսումնասիրել էր համացանցում տարածված տեսանյութն ու կրկին պնդել` զինվորականների համազգեստը համընկնում է ադրբեջանական բանակի կամուֆլյաժի հետ: Ընդ որում, արբանյակային լուսանկարներով կատարված պատկերները ցույց են տալիս, որ սեպտեմբերի 13-ին կեսօրն անց Մեծ Իշխանասարի ու Փոքր Իշխանասարի տարածքում ծուխ է բարձրանում, մինչդեռ դրանից 24 ժամ առաջ` սեպտեմբերի 12֊ին, կրակի որևէ նշան այդ տեղանքում չկար:

Միջազգային մարդասիրական օրենքը, կամ` պատերազմի օրենքները պահանջում են, որ հակամարտող կողմերը ռազմագերիներին մարդասիրաբար մոտենան բոլոր դեպքերում: Այս զինվորները գերի էին վերցվել և վայր դրել իրենց զենքը, հայտարարել է Human Rights Watch֊ի Եվրոպայի բաժնի ղեկավար Հյու Ուիլյամսոնը, ընդգծելով` նրանց գերեվարողները պարտավոր են մարդասիրաբար վերաբերվել, փոխարենը թվում է` ադրբեջանցի զինվորները գնում են սառնարյուն գնդակահարության: Հիմա նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG