Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր․ Դեյվիդ Փրայս


Միացյալ Նահանգները պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր։ Այսօր Հայաստանի խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսը:

«ԱՄՆ-ի կողմից երկկուսակցական, երկպալատային ջանքեր են ներդրվում հայ գերիների վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Մենք դեմ ենք Հայաստանի սուվերեն տարածք ներխուժմանը և պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր։ Մենք նաև հասկանում ենք, որ ԱՄՆ-ը այստեղ դերակատարություն ունի, մասնավորապես, միջազգային համայնքին ուղղորդելու, նրանց հետ համագործակցելու առումով, որպեսզի այս երկարատև հակամարտությունը կարգավորվի», - ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահը:

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից ուղիղ մեկ ամիս անց Երևան ժամանած կոնգրեսականների պատվիրակության ղեկավարից հետաքրքրվեցինք՝ մեկամսյա խորհրդակցությունների հետո կա՞ պատկերացում, թե ինչպիսին կարող է լինել հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը։ Փելոսին իր այցի ժամանակ պատասխանելով հասցրին, թե Հայաստանը ի՞նչ ռազմական աջակցություն կարող է ակնկալել ԱՄՆ-ից, ասել էր, Երևանում են նաև հասկանալու՝ Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ ունի Միացյալ Նահանգներից:

«Որևէ կոնկրետ հայտարարություն դրա վերաբերյալ այսօր չեմ կարող ներկայացնել, բայց կարծում եմ, որ խոսնակ Փելոսին անդրադարձ արել է իր այցի ժամանակ։ Ակնհայտ է, որ բալանսը տարածաշրջանում փոխվում է, հաշվի առնելով Ռուսաստանի հետ կապված իրադարձությունները, միգուցե որոշ ուժեր այլևս այդքան արմատական չեն ինչպես եղել են։ Վստահաբար կլինեն փոփոխություններ և այս պահին քննարկումներ տեղի են ունենում, մասնավորապես այն մասին, թե ինչ հարաբերություններ կարող են զարգանալ ներառյալ անվտանգային տիրույթում։ Կարող եմ ասել, որ այդ քննարկումները այս պահին էլ բավականին ինտենսիվ ընթանում են», - նշեց Փրայսը։

Մինչ ասուլիսը պատվիրակության անդամները փակ հանդիպում ունեցան պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ։ Նրանց ընդունեց նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այսօր ավելի վաղ չորս կոնգրեսականներին ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ», փոխանցել էին վարչապետի աշխատակազմից։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն իր հերթին ընդգծեց՝ կոնգրեսականների այցը պետք է դիտարկել որպես վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական փուլ:

«Քննարկվել են բավականին լայն սպեկտոր փակող հարցեր, բնականաբար, անկյունաքարային կարևորության խնդիրն է այս պահին Հայաստանի շուրջ տեղի ունեցող անվտանգային խնդիրները և մարտահրավերները: Այս հարցերի վերաբերյալ բավականին բովանդակային և կարևոր խոսակցություն ենք ունեցել մեր գործընկերների հետ», - ասաց Աղաջանյանը:

Պատվիրակության մասնակցությամբ հանձնաժողովների համատեղ նիստին ներկա էին նաև շուրջ կես տարի խորհրդարանական աշխատանքը բոյկոտող ընդդիմադիր պատգամավորները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց՝ ամերիկացի գործընկերներին փոխանցել են՝ «այսպես կոչված խաղաղության գործընթացի հետ կապված իրենց մտահոգությունները»։

«Ինքնորոշման իրավունքն իրենք են, որ ընդունել են որպես սկզբունք նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները, գործընթացը Մինսկի համանախագահների Մադրիդյան փաստաթուղթը, որ այսօրվա իշխանությունները առանց հասկանալու ոտնահարում են, կերազեին տենց փաստաթուղթ հիմա լիներ, որտեղ հստակ սահմանված է ինքնորոշման իրավունքը», - նշեց Ռուստամյանը:

Այսօրվա ասուլիսի ընթացքում Դեյվիդ Փրայսը հայտարարեց, որ ժամանակի սղության պատճառով չեն հասցնի այցելել ռազմական վերջին գործողություններից տուժած հայկական բնակավայրեր։

Պատվիրակությունն այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG