Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների իրականացումը դիտարկող համազեկուցողները մտահոգված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների և անմարդկային վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդումներից:
Իրենց հայտարարությունում նշելով, որ «Ադրբեջանի զինվորական դատախազությունը որոշել է հետաքննել փաստերը», ֆինն խորհրդարանական Կիմմո Կիլյունենը և շվեդ Բորիանա Օբերգը հույս են հայտնում, թե բոլոր այդ քննությունները կլինեն հրապարակային և թափանցիկ:
«Մինչ երկու կողմերը մեկը մյուսին են մեղադրում ռազմական գործողությունները վերսկսելու համար, Ադրբեջանի զինված ուժերն օկուպացրել են Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը և հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը ըստ Եվրոպայի խորհրդի ստատուտի», - ասված է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում:
«Հետևաբար՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետ քաշել զորքերը Հայաստանի տարածքի բոլոր մասերից և ազատ արձակել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին», - հայտարարում են ֆինն և շվեդ խորհրդարանականները՝ ընդգծելով հակամարտությունը դիվանագիտական միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը՝ ի շահ երկու ժողովուրդների: