«Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների հավաքական մահապատիժը պատկերող տեսանյութերը խորապես ցնցող են», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը:
«Ֆրանսիան ի գիտություն է ընդունում այդ գործողությունների առնչությամբ քննության մեկնարկը, ինչպես հայտարարել է Ադրբեջանը, և պահանջում է դրանց հեղինակներին կանգնեցնել արդարադատության առջև», - ասված է պաշտոնական Փարիզի երեկ հրապարակած հայտարարությունում:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիներին:
Կիրակի առավոտյան համացանցում տարածվել էր տեսագրություն, որում ադրբեջանցի զինվորները դաժանաբար գնդակահարում են գերեվարված անզեն հայ զինվորականներին։
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունների՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների կանխամտածված սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակման ընթացքում։