Մատչելիության հղումներ

Խերսոնի համար ճակատամարտը «կսկսվի շատ մոտ ապագայում»


Ուկրաինայի զինված ուժերը մարտեր են մղում երկրի հարավում, հոկտեմբեր, 2022թ.
Ուկրաինայի զինված ուժերը մարտեր են մղում երկրի հարավում, հոկտեմբեր, 2022թ.

Ռուսաստանը վաղն առավոտից ռազմական դրություն է մտցնում Ուկրաինայից բռնազավթած չորս շրջաններում՝ Դոնեցկում, Խերսոնում, Զապորոժիեում և Լուգանսկում: Նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մասին հայտարարեց այսօր՝ Անվտանգության խորհրդի նիստում:

«Ես հրաման եմ ստորագրել Ռուսաստանի Դաշնության այս չորս սուբյեկտներում ռազմական դրություն մտցնելու մասին: Այն անհապաղ կուղարկվի հաստատման Դաշնության խորհուրդ և Պետդումա», - ասաց Ռուսաստանի նախագահը:

Մինչ Պուտինը հարևան երկրի տարածքում ռազմական դրություն է մտցնում, ուկրաինական բանակը շարունակում է հակահարձակումը Խերսոնում՝ մոտենալով մարզկենտրոնին։ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը գրել է, թե Պուտինի որոշումը չի կարող իրենց կանգնեցնել։

Նույնն են պնդել նաև ուկրաինացի զինվորները՝ «Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» ծրագրի հետ զրույցում: «Մետր առ մետր առաջ ենք գնում դեպի Խերսոն: Կուզենք արդեն այս երեկո, բայց դժվար: Եթե առաջ գնանք նույն տեմպերով, ինչ անցած շաբաթ էինք գնում, մինչև Նոր տարի կգրավենք Խերսոնը», - ասել է ուկրաինացի զինվորականը:

Ուկրաինայի Խերսոնի շրջանի Ռուսաստանի կողմից նշանակված իշխանությունները, իրենց հերթին, այսօր վաղ առավոտյան հորդորել են տեղի բնակիչներին անհապաղ հեռանալ տարածքից:

Ռուսական իշխանությունների հաղորդմամբ՝ Խերսոնի բնակիչներին Դնեպրի մյուս կողմը տարհանելու համար գործարկվել են լաստանավեր, որոնք մարդկանց տեղափոխում են Ալյոշկի և Գոլայա Պրիստան բնակավայրեր:

Շրջանի օկուպացիոն վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը տեսաուղերձում պնդում է, որ Խերսոնի համար ճակատամարտը կսկսվի շատ մոտ ապագայում: «Չի բացառվում քաղաքի և շրջանի աջափնյա հատվածի գնդակոծումը», - ասել է Ստրեմոուսովը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը մեծ թվով ուժեր են դուրս բերել առաջնագիծ:

Խերսոնը ռուսների վերահսկողության տակ է անցել պատերազմի սկզբում: Աշնան սկզբից Ուկրաինայի զինված ուժերը սկսել են ակտիվ հակահարձակումը:

Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատար գեներալ Սերգեյ Սուրովիկինը իրավիճակը Խերսոնի ուղղությամբ լարված է անվանել: Նա հայտարարել է, թե ուկրաինական բանակը շարունակում է փորձել ճեղքել ռուսական պաշտպանությունը: Գեներալի խոսքով՝ Խերսոնի հետ կապված հնարավոր է լինեն «դժվար որոշումներ»:

«Այս պայմաններում մեր առաջնահերթությունը խաղաղ քաղաքացիների կյանքի և առողջության պահպանումն է: Այսպիսով, ռուսական բանակը նախ և առաջ կապահովի բնակչության արդեն իսկ հայտարարված անվտանգ տեղափոխումը Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից նախապատրաստվող վերաբնակեցման ծրագրով: Իսկ հենց Խերսոն քաղաքի հետ կապված ծրագրերը կախված կլինեն ռազմա-մարտավարական իրավիճակից: Ես նորից կասեմ՝ այսօրվա դրությամբ արդեն բարդ վիճակ է», - ասել է Սուրովիկինը:

Ընդ որում, ռուսական կողմն արդեն մի քանի օր է խոսում է Կախովկայի հիդրոէլեկտրակայանը ուկրաինացիների կողմից պայթեցնելու վտանգի մասին, իսկ այսօր, ինչպես ռուսական պետական լրատվամիջոցներն են հայտնել, սկսել են ՀԷԿ-ի ջրամբարից ջրի բացթողումը: Ռուսների կողմից նշանակված նահանգապետը հայտարարել է, թե Խերսոնը չի ընկնի ջրհեղեղի տակ, բայց մասնավոր հատվածի համար վտանգ կա:

Միաժամանակ, ռուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին և էներգետիկ օբյեկտներին: Այս գիշեր, մասնավորապես, Զապորոժիեի շրջանի Էներգոդար քաղաքը կրկին գնդակոծվել է ռուսական բանակի կողմից: Քաղաքը մասամբ մնացել է առանց էլեկտրականության և ջրի:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրթիռային հարվածները և անօդաչու թռչող սարքերի հարձակումները Ուկրաինայում էլեկտրակայանների և այլ ենթակառուցվածքների վրա ահաբեկչական գործողություններ և ռազմական հանցագործություններ է անվանել:

«Երեկ մենք կրկին ականատես եղանք քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական թիրախավորված հարձակումների: Սա արդեն իսկ շատ դաժան պատերազմի հերթական գլուխն է: Միջազգային կանոնները շատ պարզ են՝ դրանք ռազմական հանցագործություններ են», - հայտարարել է ֆոն դեր Լայենը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ խոստացել է Ուկրաինային արդեն առաջիկա օրերին տրամադրել հատուկ հակաօդային սարքեր: Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումն առաջնահերթություն է դաշինքի համար:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը հայտարարել էր, թե ռուսական զորքերը հոկտեմբերի 10-ից ի վեր ոչնչացրել են Ուկրաինայի էլեկտրակայանների 30 տոկոսը, ինչի պատճառով ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են: Զելենսկին ուկրաինացիներին հորդորել է նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը՝ հատկապես պիկ ժամերին:

XS
SM
MD
LG