«Արևմտյան մամուլի նպատակն Իրանի վարկաբեկումն է»
Ինչպես և ղարաբաղյան 44-օրյայի ժամանակ՝ Ուկրաինայում էլ մահը շատ հաճախ երկնքից է իջնում՝ պայթուցիկով բեռնված անօդաչուն սարսափազդու ոռնոցով սլանում է դեպի թիրախ՝ բնակելի շենք կամ պաշտպանվող կողմի հենակետ:
Ոստիկանները և զինվորականները փորձում են ինքնաձիգներով խոցել ԱԹՍ-ն, որպես կանոն՝ ապարդյուն:
Ուկրաինացի հրամանատարները շաբաթներ շարունակ պնդում են, որ ռուսները կիրառում են Shahed 136 տեսակի իրանական արտադրության կամիկաձե-անօդաչուներ, որոնք Ռուսաստանում անվանել են Герань-2: Պաշտոնական Թեհրանը կտրականապես հերքում է մեղադրանքը:
«Արևմտյան մամուլը զուտ քաղաքական նպատակ հետապնդելով՝ շահարկում է Ուկրաինայի պատերազմին Իրանի առնչության թեման»,- ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Նասեր Քանանին:
Նրա պնդմամբ, այդ արշավի նպատակն Իրանի վարկաբեկումն է: Արևմուտքում օգտագործում են նաև Իրանում ոստիկանության բաժանմունքում երիտասարդ կնոջ մահվան թեման: Ողբերգությունից հետո սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, ընդհարումներում զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ տասնյակ երեխաներ: Արշավն, ըստ Թեհրանի, ուղղորդվում է Արևմուտքի կողմից:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին անցած կիրակի օրն ասել է, թե Ամերիկան է քաոս և խռովություններ տարածում աշխարհում և տարածաշրջանում:
«Ամերիկացիներին զայրացնում են և հունից հանում են Իրանի ժողովրդի նորարարությունը, երջանկությունը, ցանկացած լավ բան, որը մեր երկրում տեղի է ունենում»,- ասել է Ռաիսին:
Թեհրանը հավաստիացնում է, որ ռուս-ուկրաինական պատերազմում որևէ մեկին չի օգնում:
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի պատերազմին՝ Իսլամական Հանրապետությունը դեմ է պատերազմին և հիմնվելով երկու կողմերի հետ լավ հարաբերությունների վրա՝ իր կարողությունների սահմաններում ջանքեր է գործադրել այդ հարցի լուծման ռազմական տարբերակին վերջ տալու համար»,- ասել է արտգործնախարարության խոսնակ Քանանին:
«Մեր զենքը ռուսական է, մնացած հարցերով դիմեք ՊՆ»
Ռուսաստանը շաբաթներ շարունակ լռություն է պահպանել իրանական դրոնների վերաբերյալ: Վերջապես այսօր արձագանք է հնչել Կրեմլից:
«Մենք չունենք նման տեղեկատվություն, դուք գիտեք, [Ուկրաինայում] օգտագործվում է միայն ռուսական արտադրության սպառազեն՝ ռուսական անուններով: Բոլոր մնացած հարցերով դիմեք Pաշտպանության նախարարություն»,- այսօր ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Մինչդեռ, Արևմուտքը մտադիր է կոշտ քայլերի դիմել, քանի որ Իրանի կողմից դրոնների տրամադրումը Ռուսաստանին կդիտվի իբրև 2015 թվականի միջուկային համաձայնագրին հավանություն տալու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի խախտում:
«Ռուսներն Իրանում են սովորել Shahed 136 ԱԹՍ-ի կառավարումը»
Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելն ասել է, թե Ռուսաստանը ոչ միայն դրոններ է ստացել Իրանից, այլև դրա օպերատորները վարժանքների են մասնակցել Իրանում:
«Ռուսաստանը հզորացնում է իր դաշինքն Իրանի հետ: Ամբողջ աշխարհն ու հատկապես տարածաշրջանն են դա տեսնում, դա մի լուրջ վտանգ է, որը պետք է լինի բոլորի ուշադրության կենտրոնում»,- ասել է Պետական դեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը:
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը և եվրոպական երկրները կարող են Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել:
Ռուսների իրականացրած վերջին հրթիռակոծությունների հետևանքով Ուկրաինայում զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ մի երիտասարդ հղի կին:
Այդ գրոհներից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Ռուսաստանն «ահաբեկչական պետություն» են անվանել:
Կիևը կարող է խզել կապերը Թեհրանի հետ
Այսօր Ուկրաինան հայտնել է Իրանի հետ դիվանագիտական կապերը խզելու մտադրության մասին: Արտգործնախարարը Դմիտրի Կուլեբան ասել է, թե համապատասխան առաջարկը ներկայացրել է նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
«Ուկրաինայի հետ հարաբերությունները քայքայելու ամբողջ պատասխանատվությունը Թեհրանն է կրում: Հաշվի առնելով, թե ինչ ավերածություններ են Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին պատճառել իրանական անօդաչուները, հաշվի առնելով մեր քաղաքացիների մահն ու տառապանքը և Իրանի կողմից Ռուսաստանին զենք տրամադրելու մասին նոր զեկույցները, ես նախագահին առաջարկում եմ պաշտոնապես խզել կապերն Իրանի հետ»,- ասել է նախարարը:
Նրա փոխանցմամբ, Կիևը երբեք հակաիրանական դիրքորոշում չի ցուցաբերել, այս քայլն արվում է միայն այն պատճառով, որ Իրանը սատարում է ռուսների ագրեսիային:
Կուլեբան նաև դիմել է Իսրայելին՝ հակաօդային պաշտպանության համակարգեր անհապաղ տրամադրելու խնդրանքով:
Կուլեբայի համոզմամբ, «այն բանից հետո, երբ Իրանը դարձավ այս պատերազմում Ռուսաստանի դաշնակիցը՝ Իսրայելում այլևս ոչ ոք կասկած չի ունենա, որ հարկ է սատարել Ուկրաինային»: