Մատչելիության հղումներ

Ալիևը մի կողմից հայտարարում է, թե լավատես է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հարցում, մյուս կողմից՝ սպառնում


Ադրբեջանի նախագահն այսօր մի կողմից հայտարարել է, թե լավատես է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հարցում, մյուս կողմից դարձյալ սպառնացել է՝ «եթե Հայաստանը շարունակի ձգձգել փաստաթղթի ստորագրումը, ապա խաղաղություն չի լինի և հայերը մեկ այլ լուրջ սխալ թույլ կտան»։

Իլհամ Ալիևն այսօր ևս ընդգծել է՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի «միջազգային օրենքի հինգ սկզբունքների վրա»։ Մասնավորապես, երկու երկրների կողմից տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, ապագայում որևէ տարածքային հավակնություններից և ուժի կիրառումից հրաժարում, պետական սահմանների դելիմիտացիա և հաղորդակցությունների բացում»:

Թե պաշտոնական Երևանը Բաքվի հետ բանակցություններում ի՞նչ սկզբունքներ է առաջ քաշում, առայժմ հայտնի չէ, նախկինում ներկայացվածներն Ադրբեջանը մերժել էր։ Իշխանությունն ամենաբարձր մակարդակով ամիսներ շարունակ հայտարարում էր, որ մերժում է Հայաստանի տարածքով միջանցքի տրամադրումը, օրերս էլ վարչապետը հայտնեց, որ խաղաղության պայմանագրից պետք է դուրս թողնել Արցախի հիմնախնդիրը։

Արցախում մինչդեռ անընդունելի են համարում այս տարբերակը։ Արցախի իշխող ուժի խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն «Ազատությանն» ասել էր՝ ղարաբաղյան հիմնախնդիրը դուրս թողնելով պայմանագրից և ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հիմք է ստեղծվում, որ Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցություններն այլևս չշարունակվեն։

Վիգեն Խաչատրյանը վերահաստատում է՝ խաղաղության պայմանագրի կնքումն ու Արցախի հիմնահարցը մի փաթեթում չեն քննարկվելու

Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական Պայմանագրի» պատգամավոր Վիգեն Խաչատրյանը մինչդեռ վերահաստատում է՝ Հայաստան - Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումն ու Արցախի հիմնահարցը մի փաթեթում չեն քննարկվելու, հակառակ դեպքում խաղաղության պայմանագիր Ադրբեջանը չի կնքի։ Ինչ վերաբերում է Արցախից հնչող մտահոգություններին ապա, ըստ Խաչատրյանի, արցախցի պատգամավորը իրավունք չունի Հայաստանի առջև պայմաններ դնել։

«Եթե ուզում եք խաղաղության պայմանագիր չկնքվի, դա ձևերից մեկն է, ընդգրկում ենք Արցախի հարցը և Ադրբեջանն ասում է՝ ես քննարկելու նյութ չունեմ ձեզ հետ, դուք ձեզ համար կնքեք խաղաղության պայմանագիր ինքներդ ձեզ հետ», - ասաց Վիգեն Խաչատրյանը:

«Ազատության» դիտարկմանը, որ Արցախի իշխող ուժի խմբակցության ղեկավարն ասում է, որ անընդունելի է ղարաբաղյան հիմնախնդիրը պայմանագրից դուրս թողնելը, Խաչատրյանն արձագանքեց. «Ի՞նչ գործ ունի Արցախի պատգամավորը Հայաստանի պայմանագրերի հետ ընդհանրապես, ի՞նչ կապ ունի: Եթե Արցախը լիներ Հայաստանի մարզ, էլի հասկանալի կլիներ, բայց ի՞նչ կապ ունի Արցախի պատգամավորը Հայաստանի պետության հեռանկարների հետ ֆորմալ առումով: Այդ ի՞նչ հայտարարություն է, ի՞նչ է նշանակում Հայաստանի առաջ պայմաններ դնել Արցախից»:

Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հակադարձում է՝ եթե Հայաստան- Ադրբեջան խաղաղության պայմանագրից դուրս թողնեն Արցախի հիմնախնդիրը, ապա դրանով Հայաստանը փաստաթղթավորում է Ադրբեջանի այն թեզը, որ ղարաբաղյան հակամարտություն այլևս գոյություն չունի, այն լուծված է։ Հետևաբար կնքվելիք պայմանագրում առնվազն պետք է հիշատակում արվի, որ կա նման հակամարտություն։

«Սա թարգմանաբար նշանակում է Արցախի ինքնորոշումից ի սպառ հրաժարում, թեպետ իրենք վաղուց են դրանից հրաժարվել, բայց սա արդեն պաշտոնական հրաժարումն է: Հայաստանն այլևս դերակատարում չի կարողանա ունենալ լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը կբացառի դրա հնարավորությունը: Ես հատուկ չեմ ասում՝ կարգավորման գործընթացը պիտի ներառվի էդ փաստաթղթի մեջ, ես չեմ ասում՝ էդ փաստաթուղթը պարտադիր պիտի լուծի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, բայց առնվազն հիշատակում, որ այդպիսի կոնֆլիկտ գոյություն ունի, որ ինքնորոշման խնդիր Արցախի ժողովուրդն ունի և այլն, պարտադիր է», - ասաց Մամիջանյանը:

Արձագանքելով «Ազատության» դիտարկմանը, որ այդ դեպքում Ադրբեջանը չի ստորագրի պայմանագիրը, ընդդիմադիր պատգամավորը նշեց. «Կարող է ինչ-որ պահ էլ գա, որ Ադրբեջանն ասի՝ «ես չեմ ստորագրում առհասարակ Հայաստանի Հանրապետության գոյությունը կամ չեմ ճանաչում, կամ էլ պահանջում եմ Սևանը», ի՞նչ պիտի անեն»:

Երևանում այսօր մեզ հանդիպած քաղաքացիները հիմնականում դեմ էին արտահայտվում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը՝ հաշվի հառնելով և՛ Ղարաբաղի չլուծված հակամարտությունը և՛ թե Ադրբեջանի թշնամական գործողությունները հայ զինծառայողների ու գերիների նկատմամբ։ Կային նաև խաղաղության պայմանագրին կողմ արտահայտվողներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG