Մատչելիության հղումներ

Պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախը ճանաչված է որպես լիիրավ կողմ. ԱԽ


Քանի դեռ Արցախը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանն է պարտավորված ու լիազորված ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում, ասված է Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված կազմի հայտարարության մեջ:

«Այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են Հայաստանի Հանրապետության ներպետական և միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ուստի, մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ», - նշում են Անվտանգության խորհրդի այսօրվա նիստի մասնակիցները:

Նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատակազմից հայտնում են, որ բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների և ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի մասնակցությամբ նիստին ընդունված հայտարարության մեջ շեշտադրվում է՝ ընկալում են, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված միջպետական պայմանագրի հնարավոր ստորագրումը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ու անվտանգ ապագայի և տարածաշրջանային կայունության ու խաղաղության երաշխավորման համար կարևոր հիմք, միաժամանակ «անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը, հարվածի տակ դնել դրա արդարացի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների միջազգային ճանաչման հնարավորությունները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ դրա ստորադասման կեղծ օրակարգով»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած ուրբաթ Արցախի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններից անմիջապես հետո Հարությունյանը տեղեկացրեց, թե խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Հենց այդ քննարկումների արդյունքում էլ Արցախի խորհրդարանական ուժերը առաջարվել են Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։

Փաշինյանը հարցազույցում ասել էր, որ Հայաստանի և Ադբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրից պետք է առանձնացել Ղարաբաղի հարցը, այն կարող է և չլինել այդ պայմանագրում։ Փաշինյանը նաև նշել էր, թե Ղարաբաղի հարցով հիմնական բանկացողը պետք է Արցախը լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG