Մատչելիության հղումներ

Երևանը հայտարարում է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմների մասին


Պաշտոնական Երևանը Արարատ Միրզոյան- Ջեյհուն Բայրամով հանդիպումից հետո հայտարարեց Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմների մասին։

Ժնևյան երեկվա բանակցություններն ըստ էության, առաջինն էին խաղաղության պայմանագրի տեքստի օրակարգով։ Ադրբեջանական կողմի հաղորդագրությունում Բաքու - Ստեփանակերտ քննարկումների մասին նշված չէ, հաղորդվում է, որ խաղաղության պայմանագրի հիմք են հանդիսանալու Ադրբեջանի հինգ սկզբունքները, և ոչինչ չի ասվում հայկական կողմի լրացված առաջարկների մասին, որոնք վերաբերում էին Արցախի հայերի իրավունքներին ու անվտանգությանը։

Իր վերջին հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով խոսել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից», իսկ խաղաղության պայմանագրի համար որպես հիմք բավարար կլինի Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը։

«Մեր ընկալումն այն է, օրինակ, որ խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել», - նշել է վարչապետը:

Ընդդիմադիր «Պատվի ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը իշխանության կողմից արդեն պաշտոնապես ամրագրված թեզը, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է առանձնացնել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցություններից, վտանգավոր է համարում:

«Դա նշանակում է ուղղակի ձեռքերը լվանալ Արցախից և փակել Արցախի հակամարտության հարցը», - նշեց Մամիջանյանը:

Պաշտոնական Երևանի և Բաքվի հայտարարությունները մի քանի դրվագով ևս տարբերվում էին։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը իր հաղորդագրությունը եզրափակում է պնդելով, թե կա երկուստեք ըմբռնում, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Այս ըմբռնման մասին ավելի վաղ խոսել էր նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, պնդելով, թե եռակողմ աշխատանքային խմբում «արտատարածքային միջանցքի» մասին խոսք չկա և չի կարող լինել։ Այս մասին, սակայն, ոչինչ չի ասվում ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։

«Միջանցք բառը կարող է այս կամ այն կերպ փոխակերպվել, բայց էությունը միջանցքային տրամաբանության, իմ համոզմամբ, շարունակում է մնալ թուրքական տանդեմի, թուրքական երկու պետությունների հիմնական պահանջներից մեկը», - ընդգծեց Մամիջանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը Միրզոյան - Բայրամով հանդիպումը ինքնին անընդունելի է համարում այն պարագայում, երբ պաշտոնական Երևանը արդեն հայտարարել է, որ Բաքուն չի կատարել վերջերս Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը ու չի վերադարձրել 17 հայ գերիներին։ Ինչո՞ւ է ընդհանրապես արտգործախարարներին զուգահեռ բանակցային այլ հարթակ ձևավորվել, նաև հարցնում է Հայկ Մամիջանյանը՝ նկատի ունենալով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի պարբերական հանդիպումները։

«Եթե զուգահեռ երկու պրոցես է գնում, սա ևս մեկ անգամ վերահաստատում է իմ այն ասածը, որ Անվտանգության խորհուրդն է իրականացնում բանակցային գործընթացը, այլ ոչ թե ԱԳՆ-ն: Ինչի՞ հանդիպման նախապայման չի եղել՝ նախորդ պայմանավորվածությունների կատարում», - ընդգծեց նա:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը մինչդեռ կարծում է, որ հենց Ադրբեջանը չի ցանկանում այս փուլում որևէ փաստաթուղթ ստորագրել, այդ թվում՝ խաղաղության պայմանագիր և որ բանակցությունների տապալումը հենց Բաքվի շահերից է բխում:

«Օգտվել այս իրավիճակից և հասնել իր նպատակներին ռազմական ճանապարհով կամ շատ ավելի ծանր, կապիտուլյացիոն համաձայնագրով: Իսկ եթե Ադրբեջանի նպատակը դա է, Ադրբեջանին ձեռնտու է, որ հիմա որևէ փաստաթուղթ չստորագրվի, որովհետև փաստաթուղթ ստորագրել, ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, դա կնշանակեր, որ Ադրբեջանի հաջորդ ագրեսիան ուղղակի շատ հստակ ամբողջ աշխարհի համար լինելու է ագրեսիա ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետության նկատմամբ», - ասաց քաղաքական վերլուծաբանը:

Բաքուն տեղեկացնում է նաև, որ առաջարկել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղափոխել և ավելի շուտ անցկացնել` նոյեմբերի փոխարեն հոկտեմբերին։ Սեպտեմբերի կեսին հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո, որոնք ամենաարյունալին էին 44-օրյա պատերազմից ի վեր, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն արդեն երկու հանդիպում են անցկացրել։ Նրանք նաև բանակցել էին սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարի միջնորդությամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG