Այսօր Ժնևում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։
Արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:
Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական զինված ուժերի ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։
Անհրաժեշտ է համարվել Ադրբեջանի կողմից կատարված հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հստակ դատապարտումը միջազգային հանրության կողմից և հանցագործների պատասխանատվության ենթարկումը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսօր Ժնևում հանդիպումներ է ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ:
Կիրակի օրը նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: