Մատչելիության հղումներ

Պատերազմի երկրորդ տարելիցի օրը Ալիևը չի վարանում դարձյալ սպառնալիքներ հնչեցնել


Ադրբեջանը միշտ պաշտպանելու է իր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի առիթով Իլհամ Ալիևը այցելել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողությանն անցած Ֆիզուլի և Շուշի ու կրկին սպառնացել. - «Մենք թույլ չենք տա, որպեսզի թշնամին կրկին գլուխ բարձրացնի և մեզ համար նորից վտանգ ներկայացնի: Եթե մենք դա տեսնենք, ապա անհապաղ գործի կանցնենք: Վստահ եմ, որ դրա կարիքը չի լինի, քանի որ մեր երկրի մեծացող ուժը, այդ թվում ռազմական ներուժը մեր անկախության և խաղաղ կյանքի երաշխիքն են»:

Պաշտոնական տվյալներով, 44-օրյա պատերազմում Ադրբեջանը շուրջ 3000 զոհ է տվել, մոտ 3000-ն էլ պատերազմի հաշմանդամ են ճանաչվել։

Պատերազմի տարելիցի առիթով ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարարը: Ջեյհուն Բայրոմովը խոսել է հետպատերազմական իրավիճակի, Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության հեռանկարների մասին:

Անդրադառնալով երկու շաբաթ առաջ սահմանային արյունալի բախումներին՝ Բայրամովը պնդել է, թե «Հայաստանի վերջին սադրանքը վնաս է հասցրել կարգավորման գործընթացին և տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին»:

Այսօր ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Պաշտոնական Բաքուն պնդում է, թե պատերազմից հետո Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, Լեռնային Ղարաբաղից դուրս չի բերում իր զորքի մնացած մասը, ականապատում է իրականացնում և գործնական քայլեր չի անում տարածաշրջանում հաղորդակցական ուղիների բացման համար:

Հայաստանի տարածքում միջանցք պահանջող Բաքուն Երևանին հորդորել է «վերջ դնել բանակցությունների իմիտացիային և իրական կառուցողական քայլեր ձեռնարկել»:

Ի պատասխան Հայաստանի արտաքին գերատեսչությունը այսօր հայտարարել է, թե կտրականապես մերժում է ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման մոտեցումը և վերահաստատում է իր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության և կայունության հաստատմանը։

«Այսօր էլ ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամբ Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները՝ մերժելով անգամ Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավորի, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոյության փաստը», - նշված է հաղորդագրությունում:

Պաշտոնական Երևանն ընդգծում է. ոգեշնչված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած «ագրեսիայի և իրականացրած հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքով՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիայի դիմեց արդեն Հայաստանի Հանրապետության ինքիշխան ու միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ՝ անցած տարվա մայիսին ու նոյեմբերին, և այս տարվա սեպտեմբերին»։

XS
SM
MD
LG