Մատչելիության հղումներ

«Կարելի է ասել, որ ընդհանրապես բանակցային գործընթացը տապալված է». Քաղաքական մեկնաբան


Երեկ Ժնևում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի տեքստի օրակարգով:

«Ազատությունն» այս մասին զրուցել է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի հետ: Ստոր ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Միրզոյան-Բայրամով բանակցություններից ժամեր անց Երևանը վարչապետի մակարդակով դժգոհեց, որ Ադրբեջանը դրժել է երկու անգամ խոստումը և գերիներին չի վերադարձրել: Այս գաղտնազերծումը նշանակում է, որ ժնևյան բանակցությունները տապալվե՞լ են:

Բաղդասարյան. - Կարելի է և այդպես ասել և ոչ միայն դրա վրա հիմնվելով, այլ նաև հաշվի առնելով այն, ինչ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը արտահոսք տարածեց Ադրբեջանի, ինչպես այնտեղ էր գրված, իրական պահանջների մասին: Եթե սրանք համադրում ենք, կարելի է ասել, որ ընդհանրապես բանակցային գործընթացը տապալված է, որովհետև եթե այն, ինչ Նիկոլ Փաշինյանն էր ասում իր թերթում, ես գրեթե վստահ եմ, որ դրա հեղինակը անձամբ ինքն է, եթե իսկապես Ադրբեջանի պահանջները դրանք են, դրանք բանակցություններ չեն արդեն: Ոչ էլ բանակցություններ են խաղաղության շուրջ, որովհետև այնպես չի, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում, բայց չափազանց բարձր գին է պահանջում: Ոչ, նրանք խաղաղություն չեն ուզում, նրանք ուզում են, որ Հայաստանի Հանրապետություն չլինի որպես անկախ պետություն, և դա այնտեղ հստակ է: Դա չի կարելի բանակցություն անվանել, եթե կողմերից մեկի նպատակը մյուսին վերացնելն է:

«Ազատություն». - Նշենք, որ «Հայկական ժամանակն» այսօր Ադրբեջանի հինգ պահանջներն է հրապարակել՝ Պաշտպանության բանակի լուծարում, Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ճանաչում, միջանցք, ինչպես նաև 19-20 թվականների քարտեզներով սահմանագծում և ադրբեջանցի անհետ կորածների ճակատագրի որոշում:

Բաղդասարյան. - Էդ հինգ կետերը ընդունել նշանակում է ուղղակի խաչ քաշել Հայաստանի Հանրապետության վրա, որպես պետություն, որովհետև մենք արդյունքում կունենանք ինչ-որ 10-12 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստան՝ առանց Սյունիքի, առանց Վարդենիս, առանց Արարատյան դաշտի մի մասի, Արցախի մասին էլ չեմ խոսում, որովհետև որ օրը, որ այնտեղ անվտանգային համակարգը փլուզվի, հաջորդ օրը այնտեղ այլևս հայ չի մնալու, եթե զենքով մարդ այնտեղ չլինի: Հետագայում էլ չեմ խոսում Հայաստանի նկատմամբ էդ պատերազմի հանցագործներին պատժելու հարց անկասկած Ադրբեջանը առաջ կքաշի: Այսինքն՝ այդ պահանջները կնշանակի շատ ավելի ծանր կապիտուլյացիա, քան նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է: Այսինքն՝ ընդունել դրանք միանշանակ չի կարելի:

Խնդիրն այստեղ ուրիշ է՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ինչ է պահանջում Ադրբեջանը, բայց ես կակնկալեի, որ այդ հավաստի աղբյուրը ներկայացներ, թե ինչ է պատրաստվում Հայաստանի իշխանությունն անել, ոչ թե ասել՝ տարբերակները սրանք են: Բոլորս գիտենք, որ տարբերակները դրան են, ի՞նչ է պատրաստվում անել Հայաստանի իշխանությունը, սա առաջին հարցն է, երկրորդ՝ ընդհանրապես ի՞նչ կարիք կար այդ գաղտնի բանակցություններից արտահոսքը մամուլի միջոցով ներկայացնել հանրությանը:

«Ազատություն». - Դրա նպատակը չե՞ք կռահում:

Բաղդասարյան. - Ես կռահում եմ, ամեն դեպքում, հաստատ դրա նպատակը Լևոն Տեր-Պետրոսյանին իրազեկելը չէր, որովհետև իրազեկելու այլ ձևեր կային, կարելի էր պարզապես փակ հանդիպում հրավիրել Լևոն Տեր-Պետրոսյանին, նախկին նախագահներին և նրանց տեղեկացնել, որ վիճակը սա է: Ես կարծում եմ, ցավոք սրտի, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ ինքը մտահոգված է, ոչ թե պետություն ապագայով, այլ իր ապագայով և իր վարկանիշով: Որովհետև իմ տպավորությամբ, սրա նպատակը հետևյալն է. քանի որ ինքը հասարակության մեջ ընկալվում է որպես երկիրը կապիտուլյացիայի հասցրած ղեկավար, հիմա ներկայացնում է հաջորդ կապիտուլյացիան և ցանկանում է ներկայանալ որպես կապիուլյացիայից հարժարվող ղեկավար: Այսինքն՝ եթե ինքը դա հրապարակում է, ես ենթադրում եմ, նպատակն է, որ, «տեսեք, սա անընդունելի է, և ես դա չեմ ստորագրելու»: Իսկ թե ինչ է լինելու դրա հետևանքը, այսինքն, մեր դիմակայելու ռեսուրսները որքան են, էդ մասին ընդհանրապես ոչ մի խոսք: Ինքը փորձում է հիմա էլ ներկայանալ որպես կապիտուլյացիայից խուսափող հերոս:

Ես ենթադրում եմ, որ նա որոշել է ոչ մի փաստաթուղթ չստորագրել, հետո ռազմական ծանր ճնշումների ազդեցության տակ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, ասել՝ «դե ես ի՞նչ անեմ, իհարկե, ես կարող էի առանց էդ զոհերի ստորագրել, արդյունքը նույնը կլիներ»: Այսինքն՝ այնպես, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, նրան ավելի շատ հետաքրքրում է, թե արդյոք ինքը կարող է իր բերած նոր պատուհասից արդարանալ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

XS
SM
MD
LG