Մատչելիության հղումներ

Գարեգին Երկրորդն «այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ»


Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենը։

Տեր Եսայի քահանա Արթենյանը հաստատել է, որ երեկ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իսկ թե է՞լ ում հետ է հանդիպել Կաթողիկոսը, չի հստակեցրել:

«Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։ Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը», - գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենը։

Հայաստանի առաջին նախագահի և վարչապետի հետ հանդիպումների մասին տելեգրամյան ալիքներն էին տեղեկություններ տարածել։

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն, անդրադառնալով հրապարակումներին, Ֆեյսբուքում գրել է՝ նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն՝ շեշտելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են Գևորգյան ճեմարանում և «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից։

«Ինչ վերաբերում է «Լայֆ Երևան» Տելեգրամյան ալիքի այսօրվա հրապարակած հորինվածքներին, դրանք պարզապես միտված են իշխանության և ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը», - գրել է Մուսինյանը։

Տեր Եսայի քահանա Արթենյանը երեկ «Ազատությանն» ասել էր, որ Մայր Աթոռում այս պահին աշխատում են նախկին նախագահների երկրորդ հանդիպման ժամկետները համաձայնեցնելու շուրջ։ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների առաջին հանդիպումը սեպտեմբերի 22-ին։ Հրավերը Ամենայն Հայոց Կաթողիկոսինն էր: Հանդիպումն ավարտվեց առանց բովանդակային հայտարարության։

Չնայած տարաձայնություններին, Հայաստանի երեք նախկին նախագահները հրապարակավ պատրաստակամություն են հայտնել շարունակելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությունը։

ԱԺ նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն էլ սեպտեմբերի 13 -ին՝ Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակման օրը, նախկին նախագահներին և կաթողիկոսին կոչ արել մեկ սեղանի շուրջ հավաքվել՝ ելքեր առաջարկելու համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG