Մատչելիության հղումներ

«Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա». Ռոբերտ Քոչարյան


«Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա», - ակնհայտորեն Տեր-Պետրոսյանի առաջարկը նկատի ունենալով հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Իշխանության ու ընդդիմության երկխոսություն՝ ճակատագրական պահին Հայաստանի ապագայի հարցով համատեղ որոշում կայացնելու համար՝ Հայաստանի ու Արցախի նախկին ղեկավարների հանդիպումից հետո առաջին նախագահը այս առաջարկը նաև հանրայնացրեց։

Քոչարյանը Տեր-Պետրոսյանի առաջարկը կատեգորիկ անընդունելի որակեց, բայց նաև ասաց՝ նույն ձևաչափով հետագա քննարկումների համար դուռը բաց է։ Ռոբերտ Քոչարյանը դեմ չէր նաև վիճակից դուրս գալու համար Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներին.

«Հնչում է նաև թեզ՝ միավորվենք իշխանության շուրջ։ Խնդիրը լուծելու համար, առաջին հերթին պետք է ախտորոշես այդ խնդրի պրոբլեմը և չեզոքացնես այդ պրոբլեմը։ Հիմա մեզ ասվում է՝ միավորվենք պրոբլեմի շուրջ, հիմա մեր նպատակն ի՞նչն է՝ փրկել Հայաստանը, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը: Իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ է», - նշեց Քոչարյանը։

Նախկին նախագահներն, ըստ Քոչարյանի, համակարծիք են եղել ծանր իրավիճակի մասին գնահատականներում, բայց ոչ ելքերի հարցում։ Արդյոք Էջմիածնի այդ հանդիպմանը ինքը իշխանափոխության առաջարկո՞վ էր գնացել։ Չբացահայտեց, բայց ստեղծված իրավիճակում իշխանության ու ընդդիմության անելիքների մասին իր պատկերացումներից խոսեց։

«Ճգնաժամից երկրներն ընդհանրապես դուրս են հանում կառավարությունները, իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը։ Ընդդիմությունը կարող է ճգնաժամի ժամանակ իշխանափոխության հարց դնել, եթե բավարարում է ուժերը, հասնել իշխանափոխության և հետո հաղթահարել այն ճգնաժամը, որը կա։ Ընդդիմությունը ի՞նչ է առաջարկում, նա եմ առաջարկում ինչ առաջարկվել է, կոնսոլիդացիայի համար, այո, առաջարկում ենք հանրային կոնսոլիդացիա, բայց ոչ թե կապիտուլյացիայի համար է», - նշեց Քոչարյանը։

Նախկին նախագահն ասաց՝ հիմա իրենց շարժմանը նոր թափ հաղորդելու վրա են աշխատում։ Դիմադրության շարժման ծավալները նա բավարար չի համարում իշխանափոխության համար։ Չթաքցրեց՝ այդ պահանջով են դուրս գալու, չնշեց ժամկետներ։

Քոչարյանն այս պահին ավելի հավանական է համարում մասնակի իշխանափոխությունը

Ռոբերտ Քոչարյանը այս պահին ավելի հավանական է համարում մասնակի իշխանափոխությունը՝ խորհրդարանում նոր վարչապետ ընտրելով, ոչ թե նոր ընտրություններով ամբողջականը։ Այս համատեքստում էլ չբացառեց «Քաղաքացիական պայմանագրի» հետ քննարկումը՝ նաև նրանց առաջարկած թեկնածուի հարցով։

«Ես հասկանում եմ, որ այս խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների մատները կտրես, ինձ համար չեն քվեարկի, պարզ է, եթե խոսքը գնա խորհրդարանով նոր վարչապետի ընտրության մասին, դա պետք է լինի թեկնածու, որն ընկալելի է և՛ իրենց համար, և՛ ընկալելի էր ընդդիմության համար։ Ուրիշ մոդելը դա հանրային այնպիսի ճնշումն է, որը պարտադրում է մեծամասնությանը ընտրել հանրության կողմից ցանկալի թեկնածու, այն, ինչ եղավ ըստ էության 18 թվականին», - ընդգծեց նա.

Ինքը հավակնո՞ւմ է վարչապետի պաշտոնին։ Քոչարյանը չի շտապում հստակեցնել՝ պետք է իրավիճակը գնահատի, բայց եթե լինի այլ մարդ, որ, նրա խոսով, կարող է ապահովել հանրային կոնսոլիդացիա, վստահեցնում էր՝ պատրաստ է նրան աջակցել, անգամ հեռանալ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդությունից։

«Ես հասկանում եմ, որ իմ կերպարը շատ է ասոցացվում իշխանության հետ, բայց մենք իրատեսական ենք, ինչի՞ նաև չի ասվում ընդդիմության միասնական թեկնածուն ով կարող է լինել։ Իմ աչքի առաջ մոտավորապես 3-4 հոգի կան, որ կարող են այդ բեռն իրենց վրա վերցնել, անուններ չենք տալիս մեկ պատճառով՝ վաղը, մյուս օրը քրեական գերծեր, չգիտեմ ինչ, արդեն տեսանք», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նախանշաններ չի տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը հոժարակամ պատրաստ է տալ հրաժարական։ Թեև ամիսներ շարունակ վարչապետի հրաժարականի ընդդիմադիրների պահանջը չկատարվեց, բայց խոսում էր Փաշինյանին «հումանիտար միջանցք» տալու պատրաստակամությունից. «Եթե դա է այն գինը, որը պետք է տալ, այո, պետք է տալ».

Եվ ասում էր՝ կտրականապես համաձայն չէ, թե Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Քոչարյանի կարծիքով՝ վիճակը ծանր է, բայց՝ ոչ անելանելի, բայցև հայտարարում էր՝ բանակցողի փոփոխությունը կապիտուլյացիայից խուսափելու 100 տոկոսանոց երաշխիք չէ։

«Կա՞ 100 տոկոսանոց երաշխիք, որ անպայման ամեն ինչ փոխվելու է, ոչ, բայց կա շատ մեծ հավանականություն, որ՝ այո, փոխվելու է։ Եվ մենք հիմա գլուխներս գցաց գանքն կապիտուլյացիայի ծրագրո՞վ, թե՞ փորձենք ինչ-որ բան փոխել», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մոտ երեք ժամ տևած ասուլիսում Քոչարյանը խոսեց նաև արտաքին գործընկերներից, պնդեց՝ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի քայլերը հայ-ադրբեջանական նոր բախում թույլ չտալու հարցում լինելու են միայն դիվանագիտական։ Ե՛վ հայտարարում էր, որ Ռուսաստանի լծակները Ադրբեջանի և Թուրքիայի վրա շեշտակի նվազել են, իսկ ՀԱՊԿ-ն ընդհանրապես դրանք չունի, և՛ ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարը համարում հիմարություն։ Արևմուտքի էական ներգրավվածությունն էլ իրատեսական չհամարեց, կարծիք հայտնեց, որ այս պահին Սյունիքի անվտանգությամբ ամենաշահագրգռվածը Իրանն է։

«Չի նշանակում, որ չպետք է շփվենք Արևմուտիք հետ, եթե Ռուսաստանը թուլացած դուրս գա այս պատերազմից, ակնհայտ է, որ իր ազդեցությունը Ադրբեջանի ու Թուրքիայի վրա շեշտակի նվազելու է և Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունը տարածաշրջանում մեծանալու է։ Դա մեր շահերից բխո՞ւմ է, կարծում եմ՝ ոչ. Եթե ուժեղացած դուրս գա, ուրեմն Ալիևը չի համարձակվի ասի՝ «ով ուզում ա ինձ զանգի», - ընդգծեց երկրորդ նախագահը։

Դառնալով նախկին նախագահների հաջորդ հանդիպմանը, Քոչարյանը ժամկետները չհրապարակեց, բայց ասաց՝ մասնակցության համաձայնություն տվել է։

XS
SM
MD
LG