Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հավաքվել են Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Հանդիպմանը մասնակցում է նաև Վեհափառը։
Ավելի ուշ Մայր աթոռը հայտնեց, որ հրավերը Ամենայն հայոց կաթողիկոսինն է եղել:
«Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները», - ասված է հանդիպման ավարտին Էջմիածնի տարածած հաղորդագրության մեջ։
Նախագահների հանդիպման անհրաժեշտության մասին Իշխան Սաղաթելյանն էր սեպտեմբերի 13 -ին՝ Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակման օրը, հրապարակային առաջարկ արել, ապա առանձին դիմել կողմերին:
Սաղաթելյանն «Ազատությանն» ավելի վաղ ասել էր, որ պայմանավորվածությունների ձեռք բերման փուլում էին:
Մինչ այս` անցած շաբաթ, Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, քննարկել էին Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակն ու դրանից բխող լուծումները։
Կաթողիկոսի հետ հանդիպումից երկու օր անց Տեր-Պետրոսյանը հանդիպում էր ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Պաշտոնապես տեղեկացվել էր, որ հանդիպմանը քննարկվել են «Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին» հարցեր։
Հանդիպման նախորդ օրը Արցախի նախագահը միասնականության ու համախմբան կոչ էր արել՝ վերահաս աղետը կանխելու համար: