Մատչելիության հղումներ

Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկն այս պահին ընդունելի չէ ո'չ իշխանության, ո'չ ընդդիմության համար


Հայաստանի համար ճակատագրական իրավիճակում համատեղ լուծումներ գտնելու՝ Լևոն Տեր- Պետրոսյանի առաջարկն այս պահին ընդունելի չէ ո'չ իշխանության, ո'չ ընդդիմության համար։

Հայաստանի 2 -րդ և 3 -րդ նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժերը հնարավոր չեն համարում Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսելու Լևոն Տեր- Պետրոսյանի առաջարկը՝ շարունակելով պահանջել նրա հրաժարականը։ Իսկ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրից» հակադրաձում են՝ ընդդիմությունից մեկ ակնկալիք ունեն՝ չխանգարել իրենց սպասարկել Հայաստանի պետական շահը։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությանն ու ընդդիմությանն առաջարկում է մեկ սեղանի շուրջ նստել և քննարկել, թե ճակատագրական այս իրավիճակում ինչ է պահանջվում Հայաստանից, միջազգային համայնքն ինչ է առաջարկում, և հնարավոր լուծումներից ընտրել ամենաքիչ ցավոտը և համատեղ որոշում կայացնել։

Ընդ որում, Տեր-Պետրոսյանը զգուշացնում է, որ առկա բոլոր առաջարկներն էլ ցավոտ են Հայաստանի համար:

Նախորդ շաբաթ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Արցախի նախկին երկու նախագահների հետ հանդիպումից հետո, երեկ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Տեր- Պետրոսյանը պնդեց՝ ո՛չ ինքը, ո՛չ մյուս նախկին նախագահներն ու Վեհափառը տեղեկատվություն չունեն, թե ինչ գործընթացներ են այս պահին տեղի ունենում, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը Հայաստանին ինչ են առաջարկում։

Այդ հարցի պատասխանն, ըստ առաջին նախագահի, ունի միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գուցե ևս 2-3 հոգի, հետևաբար, իշխանության և ընդդիմության միջև փոխվստահության արդյունքում պետք է իրավիճակը ճիշտ պատկերացնել և համատեղ լուծումներ գտնել։

«Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենքիչ ցավալին», - ասաց առաջին նախագահը։

Տեր-Պետրոսյանը զգուշացրեց, եթե փաստաթուղթ չի ստորագրվում, ապա գուցեև Հայաստանը պետականությունը կորցնելու վտանգի առջև կանգնի շատ կարճ ժամանակում:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ Հայաստանը պետք է կապիտուլիացիոն պայմանագիր կնքի, Լևոն Տեր- Պետրոսյանն արձագանքեց, թե ավելի հզոր երկրներ են նման պայմանագրեր կնքել։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

Անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահի Փաշինյանի հետ երկխոսելու առաջարկին, ընդդիմադիր «Հայաստան» խմբակացության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը հիշեցնում է Տեր - Պետրոսյանի՝ նախկինում Փաշինյանի հասցեին հնչեցրած սուր քննադատությունը. - «Լևոն Տեր-Պետրոսյանը սկսել է ինքն իրեն հակասել։ Մի քանի ամիս առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր Նիկոլ Փաշինյանի մասին որպես ստախոս, հայտարարում էր, որ նա նույնիսկ կարող է թուղթ դեմ տան, չհասկանա ինչի մասին է խոսքը, առաջարկներ անեն, չհասկանա ինչի մասին է խոսքը։ Հիմա, եթե ստախոս Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, նույնիսկ չի հասկանում ինչ առաջարկներ են ներկայացնում, նստի մի սեղանի շուրջ, շարունակելո՞ւ է արդյոք չհասկանալով խոսել ինչ առաջարկներ են արել»։

Դաշնակցական պատգամավորը անթույլատրելի է համարում նաև Տեր-Պետրոսյանի այն պնդումը, որ Հայաստանը այլընտրանք չունի և պետք է կապիտուլիացիոն պայմանագիր կնքի. - «Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է՝ Ղարաբաղը վերջ, մոռացեք այլև Արցախի մասին, և դրանից հետո էլ ասում է՝ լավ, կապիտուլյացիա ենք, ինչ թշնամին ասում է, եկեք ընդունենք։ Որևէ ինքնակազմակերպման, որևէ դիմադրության, հանրային համախմբման որևէ հայտարարություն, կոչ Տեր-Պետրոսյանի կողմից չի հնչեցվել։ Այն թեզերը, որ հնչեցնում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, մեկ նախադասություն է՝ թշնամու առաջ ամեն ինչ պետք է պատրաստ լինել ընդունել։ Պարզապես հիմա այն բանաձևումը, որը առաջարկում է, այդ երկխոսության բանաձևումը «Փրկել Նիկոլին» բանաձևումն է»։

Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան

Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակացության ղեկավար, Հանրապետական Հայկ Մամիջանյանի փոխանցամբ՝ իրենք անհնար են համարում երկխոսել մեկի հետ, ով այդ երկխոսության ընթացքում ազնիվ չի լինելու իրենց հետ։ Ըստ Մամիջանյանի՝ Փաշինյանի հետ կարող է քննարկվել միայն նրա հրաժարականի տեքստը. - «Ինչպե՞ս երկխոսել, երբ դու գրեթե վստահ ես, որ դիմացը քեզ խաբելու է, ծախելու է»։

«Ազատության» դիտարկմանը՝ ի՞նչ կա խաբելու, եթե, ինչպես Տեր-Պետրոսյանն է ասում՝ թողնել մի կողմ բոլոր այդ տարաձայնությունները՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, եթե պետք է նստել ու հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում, Մամիջանյանն արձագանքեց. - «Իսկ ի՞նչ կար խաբելու, երբ որ Շուշին անկում էր ապրում, ի՞նչ կար էդ ժամանակ խաբելու։ Էդ մարդու հետ ինչպե՞ս երկխոսես... Մոտ մեկ տարի առաջ ես Ազգային ժողովում հայտարարել եմ, որ Փաշինյանի հետ կարող եմ քննարկել իր հրաժարականի տեքստը»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հակադարձում է՝ հաշվի առնելով խոհրդարանական ընդդիմության գործելաոճը, նրանցից ընդամենը մեկ բան են ակնկալում, որ չխանգարեն իրենց սպասարկել Հայաստանի պետական շահը։

Արթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան

Իշխող ուժի պատգամավորը շեշտում է, որ իրենք պատրաստ են երկխոսել ցանկացած ուժի հետ, որն աշխատում է ի շահ Հայաստանի և չի սպասարկում օտարերկրյա օրակարագեր. - «Խորհրդարանական ընդդիմության կողմից իրականացված գործողությունները հաստատապես Հայաստանի Հանրապետության շահերը չեն սպասարկել, սպասարկել են այլ երկրների շահեր։ Որովհետև ռազմական գործողությունների ընթացքում, 44-օրյա պատերազմի ընթացքում նրանց իրականացրած բոլոր գործողությունները չեն բխել Հայաստանի Հանրապետության շահերից։ Հետևաբար մեզ չի մնում այլ բան, քան վերլուծել և հասկանալ, որ այս մարդիկ կա'մ կույր են և մտածում են միայն իրենց իշխանությունը վերականգնելու մասին, կա'մ հանդիսանում են օտարերկրյա ազդեցության գործակալներ»։

Հարցին, թե կարելի է արդյոք ասել, որ Տեր-Պետրոսյանի առաջարկը տապալված է, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ես չեմ ուզում նման վատատեսական գնահատականներ տալ, որովհետև տեսա, որ Տեր-Պետրոսյանը լավատեսորեն է ամեն դեպքում տրամադրված։ Հույս ունեմ, որ այս հինգ նախկին նախագահների, կաթողիկոսի մասնակցությամբ այս հավաքները ինչ-որ օգուտ կտան մեր պետությանը, և սպասենք հանդիպումենրին՝ եթե դրանք կլինեն»։

Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարություններին դեռ չեն արձագանքել Հայաստանի և Արցախի նախկին նախագահները։

XS
SM
MD
LG