Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը Փաշինյանին առաջարկում է միանձնյա, ինքնագլուխ որոշումներ չկայացնել. Տիգրան Պասկևիչյան


«Ազատությունը» հյուրընկալել է լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանին։

«Ազատություն». - Առաջին նախագահի առաջարկը ինչպե՞ս եք գնահատում։

Պասկևիչյան. - Առաջին նախագահի քաղաքական վարքի մեջ դա նորություն չէ։ Եթե հիշում եք, 1999 հոկտեմբերի 27-ից հետո մի հայտարարություն արեց՝ ի նպաստ փաստորեն Ռոբերտ Քոչարյանի, 2016-ի քառօրյայից հետո հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ։ Եվ հիմա էլ սրա մեջ ես տեսնում եմ իրավիճակի բարդության գնահատականը։ Այսինքն՝ իրավիճակը այնքան բարդ է, որ փաստորեն կրկին կարիք կա բոլորով հավաքվելու և խնդիրներին նայելու։

«Ազատություն». - Այնքան բարդ, որ կշեռքի նժարին Հայաստանի պետականությո՞ւնն է։

Պասկևիչյան. - Չեմ ուզում հավատալ, որ Հայաստանի պետականությունն է, բայց չեմ կարող նաև չհավատալ, որ այդ պետականությունը պահպանվելով կարող է ունենալ շատ լուրջ բարդություններ, ու մենք կարող ենք ունենալ շատ ծանր օրեր։ Ինչպես օրեր առաջ ունեցանք։ Որովհետև մենք հաստատ շատ հաճախ չենք զգում, թե ինչ է կատարվում իրականում, բայց երբ որ մի հատ անդրադառնում ես, ասում ես՝ երկու հարյուր զոհ, էսքան գերի, էսքան անհետ կորած, միանգամից ամբողջ մասշտաբը աչքիդ առաջ է գալիս։ Եվ եթե մենք պիտի թույլ տանք, որ այդ ամենը խրոնիկական ձևով կրկնվի, նշանակում է, որ մենք ունենալու ենք հիվանդ, տկար պետականություն։ Ես չեմ կարծում, որ մեկը գալու է ու ջնջի էդ պետականությունը։

«Ազատություն». - Հիմա արձագանքները որ հնչել են։ Փաշինյանն էլ ազգակործան պատուհաս չէ՞, ինչպես Տեր-Պետրոսյանն էր բնորոշել, որ նրա հետ արժի համագործակցել։

Պասկևիչյան. - Գիտեք, իմ մոտ տպավորություն կա, որ մենք այսօր, Տեր-Պետրոսյանի այս առաջարկն էլ նկատի ունենալով, գտնվում ենք 1998 թվականի հունվարի վիճակում։ Այսինքն՝ նորից առաջացել է խնդիր հավաքելու բոլորին, նստելու, բացատրելու մանրամասնորեն... ես չեմ ասում դաս տալու, այլ մղելու նայել իրողություններին պարզ, բաց աչքերով։ Մի քիչ մարդիկ խառնում են ամեն ինչ, նույնիսկ գրում են Ֆեյսբուքում, որ այո, Տեր-Պետրոսյանը նախաձեռնել է իր իսկ բնորոշմամբ՝ ազգակործան պատուհասի մաքրագործման պրոցես և այլն։ Բայց իրականում խնդիրը հետևյալն է. ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ լուծում ունի, կամ Նիկոլ Փաշինյանը մի լուծում ունի, որը Լևոն Տեր-Պետրոսյանի դուրը էկել ա, ուզում ա պարտադրի որևէ մեկին։ Ընդամենը, ինչպես 97-ին, 98-ին, արվում է հետևյալը. մղում ա մարդկանց կամք դրսևորելու, խնդիրներին նայելու բաց աչքերով։ Մի քիչ ծանոթացա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, նորից համոզվեցի, որ սա 98 թվականն ա։

«Ազատություն». - Նա ասում է ինչի՞ շուրջ համախմբվենք, եթե Տեր-Պետրոսյանը կապիտուլյացիայից է խոսում, կոնսոլիդացիան պիտի հաղթանակի համար լինի։

Պասկևիչյան. - Մեր վերջին քսանհինգ տարվա, երեսուն տարվա կուրսը ամբողջովին հիմնված ա հորինված փաստերի վրա, իբր Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք։ Երբ որ մարդկանց ասում ես մի հատ փաստ բերեք որտեղ ա ասել, չկա։ Նույնն էլ էս կապիտուլյացիայի մասին ա։ Ինքը ընդամենը ասեց, որ կապիտուլյացիան էղել ա, ես էլ առաջինն եմ ասել։ Դրանից պետք չի վհատվել։ Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը և իր շրջապատը մի քիչ սթափ դատողություն ունեն, այս ֆորմատը գուցե իրենց պետք գա։ Որովհետև էս ֆորմատը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է միանձնյա, ինքնագլուխ որոշումներ չկայացնել։ Մենք արդեն տեսել ենք էս չորս տարվա ընթացքում, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա է ղեկավարում էս երկիրը, համենայն դեպս քաղաքական, ստրատեգիական հարցերում, և տեսել ենք, որ միանձնյա ղեկավարումը ինչ աղետների է բերել։ Ու ամեն օր բերում ա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG