Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժը առավոտյան կրակել է Կուտականում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ


Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունն այսօր վաղ առավոտյան հաղորդեց, որ Ադրբեջանի զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն «Ազատությանը» հետ զրույցում հայտնեց, որ գյուղում հանգիստ է և բնակիչները չեն տարհանվել։ Այսօր գյուղում հիմնականում տղամարդիկ են մնացել, որոնք ասացին՝ մնացել են իրենց տունը պաշտպանելու, իսկ կանայք ու երեխաները դեռ 10 օր առաջ՝ սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը մի քանի ուղղություններով հարձակվեց Հայաստանի վրա, մեկնել են Կուտականից:

«Ժամը 2-ի սահմաններում էլ կար կրակոց, մի 20 րոպե տևեց», - ասաց բնակիչներից մեկը:

«Էն ամբողջ սարերը թուրք ա նստած, ի՞նչ անեն, վերջին տնից 800 մետր ա հեռու, ո՞վ իր երեխան կառնի կմնա ստեղ: Դիրքերի վրա են կրակում», - նշեց «Ազատության» զրուցակիցը:

Ինչպես նշեցին գյուղացիները, այսօր մեկ անգամ չէ, որ կրակոցներ են լսվել հայկական դիրքերի ուղղությամբ, նրանց պնդմամբ, նաև կեսօրից հետո է կրակ հնչել: Ցույց տալով, թե որտեղ են տեղակայված ադրբեջանական ուժերը՝ գյուղի բնակիչները նշեցին, որ երեք օրերի ընթացքում ադրբեջանցիների թիվն այդ հատվածում շատացել է:

Ադրբեջանական հարձակումների հենց սկզբից թիրախում հայտնված Կուտական գյուղի բնակիչների մեկը լուրջ վնասներ է կրել, մասնավորապես, կրակոցների հետևանքով փշրվել են նրա մեքենայի ապակիները, փամփուշտները մտել են հենց տուն, կոտրվել են ապակիները, վնասվել է շքամուտքի դուռը: Այդ ժամանակ տանը բացի իրենից եղել են նաև անչափահաս երեխաները:

Ադրբեջանն իր հերթին այսօր հայկական կողմին է մեղադրել իրենց դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար, որը Հայաստանի ռազմական գերատեսչությունը ապատեղեկատվություն որակեց։

XS
SM
MD
LG