Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Կենտրոնական հրամանատարական կետում անցկացրած խորհրդակցության ժամանակ հրամայել է իր ենթականերին «ցանկացած պահի պատրաստ լինել Հայաստանի զինված ուժերի սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` խորհրդակցության ընթացքում դրա մասնակիցները «վերլուծել են Քելբաջարի և Լաչինի ուղղություններում, ինչպես նաև ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում ստեղծված կացությունը»։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատում այն վճռական պատասխան գործողությունները, որոնք կիրառվեցին ադրբեջանական բանակի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 12-ից 14-ը՝ Հայաստանի ԶՈւ լայնածավալ սադրանքները կանխելու նպատակով», - Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս Ազերբայջան» գործակալությունը:
Հայկական կողմի պնդմամբ` Ադրբեջանն է ռազմական լայնածավալ ագրեսիայի դիմել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:
Այսօր էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներից մեկը երեկ դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք:
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր», -նշված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: