Մատչելիության հղումներ

Անհասցե արձագանքները հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար. Միրզոյան


Ադրբեջանի զինված ուժերի` միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները և պատերազմական հանցագործությունները պետք է արժանանան համապատասխան գնահատականի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որ Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին, Ռոզմարի ԴիԿարլոյին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։

Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային հանրության կողմից ագրեսորի՝ հասցեական և հստակ դատապարտման անհրաժեշտությունը՝ նշելով, որ անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար, ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Այդ տեսանկյունից հայկական կողմը կարևորել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում հնչած թիրախային գնահատականները։

XS
SM
MD
LG