Մատչելիության հղումներ

Երևանը հաղորդում է ադրբեջանական դիվերսիայի, Բաքուն` կրակոցների ու երեք վիրավորի մասին


Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներից մեկը երեկ` ժամը 19:30-ի սահմաններում, դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր», - նշված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական պաշտպանական կառույցն, իր հերթին, այսօր հաղորդեց, թե «հայկական զինված ուժերը տարբեր տրամաչափի զենքերից կրակ են բացել Քելբաջարի ադրբեջանական զորամիավորումների» և «այդ շրջանի բնակավայրերի» ուղղությամբ: Բաքուն երեք վիրավորի մասին է հայտնել:

Հայկական կողմը կորուստներ չունի, ՊՆ-ի հաղորդմամբ` գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։

Այսօր` սեպտեմբերի 24-ի ժամը 10:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է, հավելել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից:

Ադրբեջանը նաև հայտարարել է, թե այս միջադեպի «ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Մինչդեռ սեպտեմբերի 14-ի երեկոյից հաստատված հրադադարը, փաստացի, արդեն չորս օր է` խախտվում է։ Սեպտեմբերի 21-ին ադրբեջանական զինուժը կրակել էր Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ուներ մեկ վիրավոր։ Երեկ էլ ՊՆ-ն հաղորդեց, որ Ադրբեջանի զինուժը առավոտյան կրակել է Կուտականում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Սեպտեմբերի 13-ից սկսած եռօրյա մարտերի հետևանքով, ինչպես օրերս հայկական կողմը պաշտոնապես հայտնեց, զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է տեղեկացրել

XS
SM
MD
LG