Մատչելիության հղումներ

Փորձագետները չեն կարծում, թե Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր է փոխում


Հայաստանցի փորձագետները չեն կարծում, թե Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր է փոխում։

Առանձին հանդիպումներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Փաշինյանը կարևորել է ադրբեջանական ագրեսիային միջազգային համարժեք ու հասցեական արձագանքը, բացի այդ՝ թե՛ Ստոլտենբերգի, թե՛ Բլինքենի հետ քննարկել «երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր»:

Պաշտոնական հաղորդագրությունում, սակայն, փակագծեր չեն բացվել։ Հստակ է միայն, որ ՄԱԿ-ի ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու մեկնած Հայաստանի վարչապետը մինչև այս պահը չի հանդիպել Նյու Յորքում գտնվող ռազմավարական դաշնակից Ռուսաստանի արտգործնախարարին:

ՄԱԿ-ի ասամբլեայի կուլիսներում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումն անմիջապես ԱՄՆ-ի միջնորդությամբ գլուխ եկավ։ Ի տարբերություն նախորդ տարվա, երբ կազմակերպիչները ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք երկրների միջնորդներն էին, այդ թվում՝ Ռուսաստանի։

Այս հանդիպումներին հաջորդել ու նախորդել էին Հայաստանի վարչապետի անհասցե քննադատությունը դաշնակիցներին ու նրա առաջնորդած քաղաքական ուժի ներկայացուցիչների հասցեական դժգոհություններն՝ ուղղված Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ին ու անմիջապես ռազմավարական դաշնակցին։ Թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ Ռուսաստանը ադրբեջանական վերջին հարձակման օրերին փաստացի մերժեցին Հայաստանի ռազմական օգնության դիմումները։

Ի դեմս ՆԱՏՕ-ի, Հայաստանը ՀԱՊԿ-ին այլընտրանք է փնտրո՞ւմ. քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը չի կարծում քննադատություններին կոնկրետ քայլեր կհետևեն։ Վարչապետի ու արտգործնախարարի վերջին հանդիպումներում էլ արտառոց բան չի տեսնում։

«ՀԱՊԿ քննադատությունը, իհարկե, կա, բայց կարծում եմ, շատ փոքր է հավանականությունը, որ Հaյաստանը մոտ ապագայում կնախաձեռնի այդ կազմակերպությունից դուրս գալու գործընթաց: Այնուամենայնիվ, նմանատիպ հանդիպումներն, իհարկե, կարևոր են, որպեսզի Ադրբեջանի ագրեսիան ներկայացվի տարբեր երկրների պաշտոնյաներին, տարբեր միջազգային կազմակերպություններին, ուստի ավելի պրագմատիկ դաշտում պետք է դիտարկել այս հանդիպումները: Միգուցե կարելի է խոսել արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիայի մասին, բայց վեկտորի փոփոխություն մասին խոսելը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չի», - ասաց Գրիգորյանը:

Վեկտոր փոխելու մասին խոսակցությունները չափազանցված է համարում նաև քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը. «Երևանը ձգտում է աշխատել այլընտրանքային մեխանիզմներ ներգրավելու ուղղությամբ՝ փորձելով բարձրացնել իրավիճակի կառավարելիությունը, սա ես չեմ դիտարկում առկա մեխանիզմների, տվյալ դեպքում, Ռուսաստանի հանգամանքի հակակշիռ: Այսինքն՝ կարծում եմ, Երևանը ունի բավարար խոհեմություն այս իրավիճակում չգնալ այդ տրամաբանությամբ գործողությունների՝ էլ ավելի մեծ ռիսկեր չհրահրելու համար, այլ հակառակը՝ աշխատել զգույշ և հանդարտ՝ փորձելով ընդամենը այս պահին լուծել Հայաստանի համար իրավիճակի կառավարելիության աստիճանը բարձրացնելու խնդիրները».

«Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն կօգնեն, եթե Հայաստանը դուրս գա ռուսական ազդեցությունից»՝ այս օրերին հնչող փաստարկը Բադալյանը այդքան էլ ճիշտ չի համարում:

«ՆԱՏՕ-ն կարող է ազդել, օրինակ, Ադրբեջանի վրա քաղաքական իմաստով, որովհետև ՆԱՏՕ-ն միավորում է աշխարհի առաջատար ռազմաքաղաքական դերակատարներին, ՆԱՏՕ անդամ է Թուրքիան, որը առանցքային ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, ամբողջ հարցն այն է՝ դիտարկո՞ւմ է ՆԱՏՕ-ն այդ անհրաժեշտությունը, թե՝ ոչ: Եթե փաստարկն այն է, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի համար ինչո՞ւ պետք է անվտանգության պատասխանատվություն ստանձնի ՆԱՏՕ-ն, նախ, խոսքը չի վերաբերում ամբողջական պատասխանատվությանը, և բացի դրանից, Հայաստանը կարևորագույն քայլ արդեն իսկ կատարում է՝ հայտարարելով ժողովրդավարական արժեքների հաստատուն ընթացքի մասին: Եվ այդ ուղին պահելը Հայաստանի համար ամենևին էլ հեշտ չէ: Եթե դա չի բավարարում, այստեղ ուրեմն խնդիրը ՆԱՏՕ-ի դաշտում է, որովհետև մենք չենք կարող գնալ Ռուսաստանի դեմ՝ չունենալով երաշխիք, որ Ռուսաստանի որևէ պատասխան գործողություն արմատապես կասեցվելու է ՆԱՏՕ կամ այլ սուբյեկտի օժանդակությամբ», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը:

Հայաստանն ինչո՞վ է հետաքրքիր ՆԱՏՕ-ին՝ շահագրգռվա՞ծ են, որ դուրս գա ՀԱՊԿ-ից, հարաբերությունները սերտացնի։ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ այս պահին Հայաստանը առաջնահերթություն չէ ՆԱՏՕ-ի համար։

«Նույնիսկ Ուկրաինայի պարագայում ՆԱՏՕ-ին անդամակցության մասին խոսակցություններ չկան, չնայած երկկողմանի մակարդակով ռազմական աջակցություն, իհարկե, ցուցաբերվում է Ուկրաինային: Չեմ կարծում, թե ինչ-որ լուրջ գործընթացներ պետք է ակնկալել այս հանդիպումներից հետո», - ասաց Տիգրան Գրիգորյանը:

Մինչ վարչապետն ու արտգործնախարարը Նյու Յորքում են հանդիպումներ անցկացնում, փոխվարչապետ, հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովում նախագահող Մհեր Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետի հետ։ Բաքուն այս օրերին իր գործողությունները արդարացնում է նաև սահմանազատման բացակայությամբ։ Թե ի՞նչ հարցեր են քննարկել հայ և ադրբեջանցի պաշտոնյաները, չի հաղորդվում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG