Հայաստանի վարչապետը, ԱԳ նախարարն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը Նյու Յորքում հանդիպում են ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` ընդգծելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, ինչի հետևանքով հայկական կողմն ունի նաև զոհեր ու վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ չափազանց մտահոգված է հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Յենս Ստոլտենբերգը կարևորել է տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական ջանքերի գործադրումը, այդ թվում` միջազգային գործընկերների աջակցությամբ:
Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանը, որի շրջանակներում Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ, արտգործնախարար Արարատ Միրզոյանը` կարճ զրույց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: