Մատչելիության հղումներ

«Աշխատելու եմ արդյունք ստանալու համար». Տիգրան Ավինյանը՝ Երևանի փոխքաղաքապետ


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ընտրություններից մեկ տարի առաջ՝ այսօր որպես փոխքաղաքապետ տեղափոխվեց Արգիշտի 1։ Ավագանու արտահերթ նիստին մասնակցող 44 անդամներն այս նշանակմանը կողմ քվեարկեցին, երկուսը ձեռնպահ էին, մի քանիսն էլ՝ բացակա։

«Արդյո՞ք չի շտապում քաղաքապետարանի շենք մտնել, և արդյո՞ք սա ժամանակից շուտ սկսված քարոզարշավ չէ», - հետաքրքրվեցինք նորանշանակ փոխքաղաքապետից, արձագանքեց՝ ընտրությունների վերաբերյալ հարցերի չի պատասխանելու:

«Կենտրոնանալու եմ փոխքաղաքապետի գործառույթների վրա, և ես եկել եմ աշխատելու համար այն ուղղություններով, որոնք իմ համակարգման ոլորտում են, մնացած բոլոր հարցերը, կարծում եմ, առհասարակ ժամանակավրեպ են», - նշեց Ավինյանը:

33-ամյա Ավինյանը դեռ նախորդ շաբաթ պետք է փոխքաղաքապետ նշանակվեր, բայց հենց այդ նիստի նախօրեին, Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա։ Նիստը կայացավ, սակայն օրակարգից այդ հարցը հանվեց։ Այսօր, նախքան ելույթը սկսելը, Ավինյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը, հետո լրագրողները հարցրին՝ տպավորություն է, որ երկրում պատերազմ չկա, որովհետև ավագանու անդամների հարցերն ամեն ինչի մասին էին, բացի դրանից, օրակարգն էլ, ասացին, այդ մասին է հուշում։ Նորանշանակ փոխքաղաքապետը հակադարձեց՝ ելույթը հենց այդ թեմայով էր սկսել, հիմա ապաստարանների հարցերն են իր ուշադրության կենտրոնում լինելու, գործով է զբաղվելու։

«Արդյո՞ք հենց այդ գործն էլ քարոզաշավի ժամանակ չի ներկայացնելու որպես ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուի գովազդ», - հարցրինք այսօր մի շարք խոստումներ հնչեցրած Ավինյանին: «Իմ աշխատանքը արվելու է, որպեսզի Երևանում խնդիրները լուծումներ ստանան, որպեսզի երևանցիներն ապրեն այնպիսի քաղաքում, որի մասին միշտ երազել են: Ես աշխատելու եմ արդյունք ստանալու համար, այս փուլում որևէ այլ բանի մասին չեմ ուզում մտածել», - պատասխանեց նա:

Իշխող թիմն անցած տարի անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, հայտարարել էին՝ Մարությանը հեղափոխական արժեքներից հեռացել է: Նա էլ հեռանալիս՝ իշխանությունների՛ն մեղադրեց. «Հետո սկսեցին տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել և իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել՝ էս ծաղիկի բուտկեն էնտեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք, էսքան հարկ ավելացնենք, էս հողն ընդլայնենք և այլն: Եվ, բնականաբար, բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը՝ քանի ես էստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրինականության շրջանակներում»:

Սրանք միակ մեղադրանքները չէին, բայց իրավապահները դրանց հետքերով գնացել ու քրեական գործ հարուցելու հիմքեր չէին գտել։ Նորանշանակ փոխքաղաքապետն այսօր ասաց՝ անուններ պետք է տրվեր։

Հայկ Մարությանի հեռանալուց հետո, վարչապետին ենթակա՝ պետական վերահսկողական ծառայությունն էր պարբերաբար ստուգումներ իրականացրել քաղաքապետարանում ու չարաշահումներ արձանագրել, այդ թվում նաև Մարությանի ղեկավարման տարիներին։ Մարությանը չի արձագանքել այս հայտարարություններին, միայն ողջունել էր ՊՎԾ-ի՝ պետական և համայնքային կառույցներում ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։

«Այս ստուգումները հետապնդումներ չե՞ն նրա նկատմամբ»,- լրագրողներից մեկը հարց ուղղեց Ավինյանին:

«Պետական վերահսկողական ծառայությունը դեռևս Հայկ Մարությանի ժամանակ 2 անգամ փորձ կատարել է այդ ստուգումներն իրականացնել, քաղաքապետարանում բավականին մեծ դիմադրությունների է հանդիպել երկու անգամ: Եվ, այո, դա փաստ է, որ Հայկ Մարությանից հետո ստուգումներ իրականցվել են, եթե չեմ սխալվում մոտավորապես 40 միլիոն դոլարի չափի բյուջեում փոս են հայտնաբերել: Հիմա արդեն մնացածն իրավապահ մարմինների դաշտում է», - պատասխանեց Տիգրա Ավինյանը:

44-օրյա պատերազմից հետո ավագանու իշխող թիմից դուրս եկած ու հիմա ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ավագանու անդամներ Իզաբելլա Սարգսյանն ու Էռնեստ Ավանեսովն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում համոզմունք էին հայտնել, որ Ավինյանի նշանակմամբ իշխող թիմը քարոզարշավ է սկսում։ Վստահ էին՝ քաղաքապետարանն արդեն վաղուց ղեկավարում է ոչ թե քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլ հենց ինքը՝ Տիգրան Ավինյանը:

Անցած տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ փոխվարչապետի պաշտոնից հեռացած Ավինյանն այժմ համակարգելու է քաղաքապետարան-կառավարություն աշխատանքը, վերահսկելու է Երևանի վարչական շրջանների ու դրանց ղեկավարների աշխատանքները: Զբաղվելու է նաև մայրաքաղաքի կանաչապատման, բարեկարգման, մշակույթի հարցերով։

Ավինյանից բացի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու հայտ են ներկայացրել նաև երգիչ Ռուբեն Հախվերդյանը, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալիա Ռոտենբերգը: Այսօր էլ ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարեց՝ ինքն էլ լինելու է «Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածուն։

Խորհրդարանական ընդդիմությունը դեռ չի հստակեցրել՝ մասնակցելո՞ւ է մեկ տարուց կայանալիք ընտրություններին։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությունը կմասնակցի, թե՝ ոչ. խոստացել է պատասխանել իր ներկայացման ժամանակ, որը հետաձգվել է:

XS
SM
MD
LG