Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց անգործության հետևանքով համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ շուրջ 6.9 միլիարդ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից` ըստ ՊՎԾ-ի մշտադիտարկումների, հայտնում է կառույցի ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
Ըստ հաղորդագրության` պարզվել է, օրինակ, որ «ընտրանքային կարգով առանձնացվել են 43 խոշոր օբյեկտներ», որոնց նախահաշվային գները կազմել են 56.4 մլրդ դրամ, որի տուգանքները կազմել են 6.2 դրամ, մինչդեռ 2011-2021 թվականներին «համայնքի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված վարչարարությունը չի իրականացվել», և արդյունքում բյուջեն զրկվել է 6.2 մլրդ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից:
ՊՎԾ-ն այլ բացահայտումների մասին էլ հայտնում, նաև նշում, որ հայտնաբերված առերևույթ խախտումների վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են Գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։
Հուլիսի 28-ին Պետական վերահսկողական ծառայությունը հրապարակել էր քաղաքապետարանում իր կատարած ուսումնասիրության արդյունքները, որոնք սկսվել էին իրականացվել 2019 թվականի դեկտեմբերին։ Ըստ ՊՎԾ-ի՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք հայտնաբերվել է շուրջ 8,5 միլիարդ դրամի խախտում, որոնք առնչվում են քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, բարեկարգման, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» ընկերությունների գործունեությանը և այլն։
«Ազատության» հետ զրույցում Հայկ Մարությանը արձագանքել էր ստուգումների ավարտի մասին ՊՎԾ-ի առաջին հայտարարությանը՝ նշելով, որ ողջունում է «պետական և համայնքային կառույցներում ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը»։