Մատչելիության հղումներ

Ընտրություններից մեկ տարի առաջ Երևանում քարոզարշավն սկսվել է, լինելու է բավականին դաժան մրցակցություն. Իոաննիսյան


Հայկ Մարությանը վերադառնում է բեմ

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ պաշտոնից հեռացվեց անցած տարվա դեկտեմբերին, «Քաղաքապետը» վերնագրով մոնոներկայացմամբ վերադառնում է բեմ։ Սեպտեմբերից մինչև նոյեմբերի կեսը պլանավորված 11 ներկայացումների գրեթե բոլոր տոմսերը սպառվեցին 1 օրվա ընթացքում։

Լուսանկարը մոնոներկայացման մասին ազդարարող տեսանյութից
Լուսանկարը մոնոներկայացման մասին ազդարարող տեսանյութից

Մարությանը վերադառնում է թատրոնի՞, թե՞ նաև քաղաքական բեմ, այս հարցի պատասխանը նրա գրասենյակից չհաջողվեց ստանալ, սակայն ներկայացման անոնսում նա խոստանում է թեմային անդրադառնալ Սունդուկյանի բեմից։ Որպես «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու հաղթած, ապա ավագանու կողմից անվստահության միջոցով պաշտոնից ազատված Մարությանը, իր էջում անդրադառնալով տոմսերի կայծակնային արագությամբ վաճառքին, գրել է, որ «անչափ զգացված է դրական արձագանքի համար»:

Լուսանկարը մոնոներկայացման մասին ազդարարող տեսանյութից
Լուսանկարը մոնոներկայացման մասին ազդարարող տեսանյութից

«Ես այս պահին նման որոշում չունեմ ընդհանրապես». Լևոն Քոչարյան

Երևանի առաջիկա ընտրություններն անցկացվելու են 2023 թվականին, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ այս տարվա մարտին է հայտարարել, որ իրենց թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում արդեն անդրադառնում է քաղաքային կյանքի խնդիրներին, կիսվում իր գործունեության մասին տեղեկություններով, տեղադրում հարցազրույցներ և այլն։

Լևոն Քոչարյանը ընդդիմության երթի ժամանակ, 30-ը մայիսի, 2022թ.
Լևոն Քոչարյանը ընդդիմության երթի ժամանակ, 30-ը մայիսի, 2022թ.

Մամուլում հրապարակումներ կան, որ ընդդիմության թեկնածուն էլ կարող է լինել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը: Վերջինս ոչինչ չբացառեց, սակայն ասաց, որ այդ հարցում որոշում դեռ չունեն։

«Ես այս պահին նման որոշում չունեմ ընդհանրապես, մեր թիմը, նաև քաղաքական թիմը այդ հարցը չի քննարկել», - ասաց նա:

«Բնական է, որ պոտենցիալ թեկնածուները փորձում են արդեն քարոզարշավով զբաղվել»

Արդյո՞ք տարբեր քաղաքական ուժեր արդեն սկսել են թաքնված քարոզարշավը։

«Ես կասեի, որ բնական է, որ քաղաքական ուժերը, պոտենցիալ թեկնածուները փորձում են արդեն քարոզարշավով զբաղվել, իրենց հեղինակությունը, ռեյտինգը բարձրացնել, կողմնակիցներ հավաքել: Դա բավականին նորմալ պրոցես է», - նշեց տարիներ շարունակ ընտրություններին ու նախընտրական արշավներին հետևած Դանիել Իոաննիսյանը:

Նրա կարծիքով՝ ոչ միայն Ավինյանը, այլև մյուս թեկնածուներն են սկսել նախընտրական արշավն ընտրություններից ավելի քան 1 տարի առաջ. «Ի վերջո, մենք պետք է արձանագրենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը ոչ թե այն ժամանակահատվածն է, որից դուրս արգելվում է նախընտրական քարոզչություն անել, այլ դա այն ժամանակահատվածն է, երբ նախընտրական քարոզչության կանոնները խիստ կանոնակարգված են»:

Ժողովրդավարական աշխարհում տարածված միտում է հաջորդ ընտրությունների քարոզարշավը սկսել նախորդ ընտրությունների հենց հաջորդ օրվանից, ասում է Իոաննիսյանը։

«Այո, մինչև 18 թվականը մենք ունեինք մի իրավիճակ, երբ ընտրությունների արդյունքները բավականին կանխատեսելի էին, և չկար իրական մրցակցություն: Հիմա մենք տեսնում ենք, որ կա իրական մրցակցություն, և այդ մրցակցությունն ամեն ինչ խոստանում է, որ լինելու է բավականին դաժան մրցակցություն: Ես հուսով եմ, որ այն կլինի մաքսիմալ օրինականության տրամաբանության մեջ, բայց առաջին ինչ-որ առումով աննախադեպ իրավիճակն է, որ մի տարի առաջ գիտեինք, որ մի տարուց լինելու են ընտրություններ, այդ ընտրությունները լինելու են մրցակցային, այդ ընտրությունների արդյունքներն այդքան էլ միարժեք չեն` մեղմ ասած», - շեշտեց նա:

Արդյո՞ք ընտրությունները կլինեն ազատ ու արդար. Երևանի փողոցներում բոլորը չէ, որ այս համոզմունքն ունեն։

«Իրենք ինչքան հնարավորություն ունեն, ռեզերվ ունեն, կօգտագործեն», - ասաց տեղացիներից մեկը:

Շատերն էլ նշում էին, որ քաղաքային խնդիրների մասին տեղյակ են, բայց գլխավորապես կենտրոնացած են անվտանգային հարցերի վրա. «Որ ասեմ` հետևում եմ, չէ, բայց դե, բնականաբար, նայում ենք, նեղվում ենք այս վիճակից, շատ ծանր եմ տանում … պատերազմի էդ վիճակը»:

«Ուզում եմ, որ խաղաղություն լինի Հայաստան աշխարհում…. ոչ մի փոփոխություն չզգացինք, ով էլ եկավ, նույնը շարունակվեց», - ասաց մեկ այլ քաղաքացի:

Հաջորդ տարվա Երևանի ավագանու ընտրությունների հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն ընտրություններն անցկացվելու են աշնանը։

XS
SM
MD
LG