Մատչելիության հղումներ

Իրավապահները հաստատում են՝ նախապատրաստված նյութեր կան Մարությանի օրոք անօրինական շինթույլտվություն տալու առնչությամբ


Հայկ Մարությանի՝ «Քաղաքապետը» վերնագրով մոնոներկայացման անոնսից չորս օր անց իրավապահները հաստատում են՝ նախապատրաստված նյութեր կան նախկին քաղաքապետի օրոք անօրինական շինթույլտվություն տալու առնչությամբ։

Այսօր՝ աշխատանքային օրվա վերջում միայն Հակակոռպցիոն կոմիտեից հաստատեցին դեռ երեկվանից մամուլում շրջանառվող այս լուրերը՝ առանց լրացուցիչ որևէ մեկնաբանության։ Ասացին` րոպեներ առաջ են ստացել գործերը, ավելի ուշ հանդես կգան հաղորդագրությամբ։

Մամուլը երեկ գրել էր, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում նախկին քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։ Ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Հայկ Մարությանը 2019 թվականի փետրվարին առանց նպատակային նշանակությունը փոխելու Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել է ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայնման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու թույլտվություն: Այդ հասցեում տեղակայված է «Ֆելիչի» ռեստորանը, որտեղից «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ որևէ ծանուցում չեն ստացել, քրեական գործի մասին տեղեկություններ չունեն։

Ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմինները երեկ և այսօր ակտիվորեն հերքում էին այս հրապարակումները, իսկ այսօր՝ օրվա վերջում, երբ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց տեղեկությունը, կառույցից հրաժարվեցին ասել ինչ կարգավիճակ ունի նախկին քաղաքապետը, հարցաքննվել է արդյոք և, ըստ էության, ինչ նյութերի մասին է խոսքը։ Մարությանի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց։

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ համոզված է իշխանությունները այսպիսով փորձում են Հայկ Մարությանին զերծ պահել քաղաքական գործընթացներից:

Իզաբելլա Աբգարյան, արխիվ
Իզաբելլա Աբգարյան, արխիվ

«Գնալուց հետո նա երկար ժամանակ լռում էր, և մենք տեսնում էինք՝ ոչ մի քրեական գործ էլ չէր հարուցվում, բայց բավական էր՝ ահա, Հայկ Մարությանը մի փոքր ակտիվություն ցուցաբերեր, միանգամից անհանգստություն առաջացավ: Ես կարծում եմ, որ այս քրեական գործը, որի էությունը, անկեղծ ասած, որ նայում եմ, մտածում եմ՝ երևի Հայկ Մարությանը սուրբ է եղել, եթե սա են իրենք գտել, որպեսզի որպես լծակ օգտագործեն», - ասաց Աբգարյանը:

Որպես «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու հաղթած, ապա ավագանու կողմից անվստահության միջոցով անցած տարվա դեկտեմբերին, պաշտոնից հեռացված նախկին քաղաքապետը նոր ներկայացմամբ իր վերադարձի մասին ազդարարեց սեպտեմբերի 6 -ին՝ առանց հստակեցնելու խոսքը քաղաքականությո՞ւն, թե՞ միայն բեմ վերադարձի մասին է։ Սեպտեմբերի 19 -ից մինչև նոյեմբերի կեսը պլանավորված 14 ներկայացումների գրեթե բոլոր տոմսերը սպառվեցին ռեկորդային կարճ ժամանակում, ներկայացման անոնսն ամբողջությամբ քաղաքական էր։

Երևանի առաջիկա ընտրություններն անցկացվելու են 2023 թվականին, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ այս տարվա մարտին է հայտարարել, որ իրենց թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։

«Բնականաբար, բոլորի համար ակնհայտ է, որ ուժեղ վախ կա իշխանությունների մոտ, որ Հայկ Մարությանը կարող է առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու, որովհետև նրան հանելուց էլ գիտեին, որ նա ուներ երևանցիների աջակցությունն ամեն դեպքում, ու փորձելու են Հայկ Մարությանին զերծ պահել քաղաքական պրոցեսներից այս կերպով: Մոնոներկայացումից առաջ, որպեսզի Հայկ Մարությանը նկատի ունենա, որ կարող է վատ վերջանալ իր համար, նաև, իհարկե, խոսքի ազատության հետ գործ ունենք արդեն: Ես շատ ցավում եմ, որ հենց այս շրջանում հայտնվեց այս քրեական գործը, սա ուղիղ ցույց է տալիս, որ ամեն դեպքում քաղաքական պրոցեսների մեջ իրավապահ մարմիններն են նաև ներքաշված», - ասաց ավագան նախկին անդամը:

Մարությանը պաշտոնից հեռացավ իր նախկին թիմակիցներին ուղղված սուր քննադատական ելույթից հետո, պնդեց, թե դեռ 2020-ի պատերազմից առաջ էր մտադիր հեռանալ իշխող կուսակցությունից, Փաշինյանի թիմին էլ մեղադրեց հեղափոխական արժեքներից հեռանալու համար։ Մարությանի պաշտոնանկությունից հետո էլ հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է սկսել քաղաքապետարանում և հայտնաբերվել 8.5 միլիարդ դրամի խախտումներ։ Առայժմ հայտնի չի, թե ինչ իրավական հետևանքներ է ունեցել ենթադրյալ խախտումների մասին այս ուսումնասիրությունները։

ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը շաբաթներ առաջ էր «Ազատության» եթերում հերքել, թե ուսումնասիրությունները քաղաքական բնույթ են կրել. - «Դա պետք չէ քաղաքականացնել, ես բազմիցս այդ մասին խոսել եմ»:

Հայկ Մարությանը ինքն էր իրեն անվստահություն հայտնելու հարցով ավագանու նիստի ժամանակ խոսել պետական միջոցների անարդյունավետ ծախսերի մասին։ Չնայած այս հայտարարություններին, նա հետո հրաժարվել էր հանցագործության մասին հաղորդում տալ և լռությունը, ըստ էության, խախտել էր քաղաքապետի ընտրություններից առաջ մոնոներկայացման մասին անոնսով։ Իշխող ուժից դեռևս հրաժարվում են մեկնաբանել Մարությանի հնարավոր վերադարձի և իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու մասին հարցերը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG