Մատչելիության հղումներ

Զասի երևանյան քննարկումների մասին ՀԱՊԿ հաղորդագրությունում անգամ հիշատակված չեն մարտական գործողությունները 


Ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից, և Հայաստանն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը՝ այսօր ընդունելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարած պատվիրակությանը հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Արմեն Գրիգորյանի և Ստանիսլավ Զասի երևանյան քննարկումների վերաբերյալ կողմերի տարածած հաղորդագրություններում տարբերությունը նկատելի է։ Եթե հայկական կողմը «լայնածավալ ագրեսիա» է որակել Ադրբեջանի գործողությունները, ապա ՀԱՊԿ պաշտոնական հաղորդագրության մեջ անգամ չեն հիշատակվում օրերս տեղի ունեցած մարտերը, որոնց հետևանքով դաշինքի անդամ Հայաստանը ավելի քան երկու հարյուր զոհ ու անհետ կորած տվեց։

«Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները»,- Գրիգորյան-Զաս հանդիպման վերաբերյալ նշված է կառույցի տարածած հաղորդագրությունում։

երեկ Երևան ժամանած Զասի գլխավորած առաքելությունը պետք է զեկույց պատրաստի ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների համար՝ տարածաշրջանում իրադրության մասին, և մշակի առաջարկներ՝ ուղղված «Հայաստան-Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացմանը»։

Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին լայնածավալ ռազմական գործողություններից հետո, պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ ռազմական աջակցության խնդրանքով։ Սակայն թե՛ Կրեմլից, թե՛ ռազմական կառույցից Հայաստանի օգնության խնդրանքը, փաստորեն, մերժելուց հետո, ՀԱՊԿ-ում որոշեցին մոնիթորինգային առաքելություններ գործուղել։

Այդ առաքելություններից առաջինը ղեկավարող ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը դեռ նախքան Երևան մեկնել էր հայտարարել, որ դաշինքը Հայաստան զորք ուղարկելու ծրագրեր չունի։

«Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ ո՛չ սեպտեմբերի 13-ին, ո՛չ երեկո, ո՛չ այսօր և ես կարծում եմ մոտ ապագայում խոսք չկա», - նշել է նա:

Սիդորովի գլխավորած առաքելությունը չորս օր անցկացրեց Հայաստանում ու իր դիտարկումները ներկայացնելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ վերադարձավ Մոսկվա։ Թե ինչ հետևությունների է հանգել Աֆղանստանում ու Չեչնիայում պատերազմած ռուս գեներալը, Հայաստանի ռազմական գերատեսչությունից այսօր հրաժարվեցին հայտնել «Ազատությանը»։

Այսօր Երևանում ընդունելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Արմեն Գրիգորյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, «ներկայացրել է նաև կառույցի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները»: Ինքը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը օրերս «Ազատության» հետ զրույցում խոստովանել էր՝ ռազմական դաշինքից Հայաստանն այլևս հույս չունի:

«Բնականաբար, այդպիսի հույս եղել է և բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիք է դարձել և չկա այդպիսի հույս այլևս, միայն ՀԱՊԿ-ից առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին և տեսնել այդ քայլերը ու համոզվածություն ունենալ», - ասել է Գրիգորյանը:

Երևանը դարձյալ խոսում է միջազգային մեխանիզմների մասին

ՀԱՊԿ-ից բարձր մակարդակով հնչող դժգոհությունների ֆոնին՝ պաշտոնական Երևանը դարձյալ խոսում է միջազգային մեխանիզմների մասին։ Երկու օր առաջ Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ հանդիպմանը արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոսելով հայ-ադրբեջանական մարտերից՝ ընդգծել էր ԵԱՀԿ շրջանակներում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը:

Արդյո՞ք Երևանն ակնկալում է, որ, օրինակ, կառույցի դիտորդները կարող են տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին, արտգործնախարարությունից դեռ չեն պատասխանել «Ազատությանը»։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը, սակայն, հիշեցնում է՝ ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով։

«Հենց հիմա ձեզ առնվազն երեք պետություն ԵԱՀԿ անդամ կարող եմ անվանել, որոնք դեմ կլինեն նման որոշմանը, Ադրբեջանն է, Թուրքիան և Ռուսաստանը: Միակ տարբերակը, որը ես տեսնում եմ, որ իրատեսական է, ապա դա հանձինս վերջին օրերին ծավալված ամերիկյան միջնորդական առաքելության և ամերիկյան կողմի քաղաքական երկխոսության առաջարկի ֆոնին, դա որոշակի արևմտյան կոնտինգենտի տեղակայումն է», - ասաց քաղաքագետը:

Միջազգային մեխանիզմների մասին օգոստոսի սկզբին՝ Արցախում տեղի ունեցած մարտական գործողություններից հետո խոսել էր վարչապետ Փաշինյանը՝ հայտարարելով՝ եթե հայ-ռուս-ադրբեջանական ձևաչափով հնարավոր չէ ապահովել շփման գծի անվտանգությունը, պետք է մտածել «լրացուցիչ միջազգային մեխանիզմների գործարկման մասին»: Նա, սակայն, չէր մանրամասնել, թե ինչ նկատի ունի «լրացուցիչ միջազգային մեխանիզմներ» ասելով։

XS
SM
MD
LG