Մատչելիության հղումներ

Պուտինը երկու կողմերին էլ` Երևանին ու Բաքվին հրադադարը պահպանելու կոչ է արել


Ռուսաստանի նախագահն այսօր Բաքվին ու Երևանին հրադադարը պահպանելու կոչ է արել՝ հստակ չխոսելով այն մասին, թե որ կողմն է հրահրել սահմանային լարվածությունը։

«Ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ մեզ մտերիմ պետությունների միջև մեր լուրջ մտահոգությունն է հարուցում: Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անվերապահորեն պահպանել հրադադարը և խստորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարություններին», - ասել է Վլադիմիր Պուտինը:

Նա հայ-ադրբեջանական վերջին լարվածության մասին խոսել է օտարերկրյա դիվանագետների հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ, դրան մասնակցել է նաև Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

Մինչ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Ադրբեջանը օկուպացրել է իր տարածքի ևս 10 քառակուսի կիլոմետրը, հրադադարի պահպանման կոչ անելուց անմիջապես հետո Պուտինը հավելել է, թե տարածքային վիճելի հարցերի լուծման բանալին համատեղ պրոֆեսիոնալ աշխատանքն է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով երկկողմ հանձնաժողովի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքի մասին էլ Ռուսաստանի նախագահը ասել է, թե կառույցը միջոցներ է ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում, Պուտինը չի մանրամասնել։

«Դիմակայության գոտի առաքելություն է ուղարկվել՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ: Նրան հանձնարարված է իրադրության ուսումնասիրման արդյունքներով պատրաստել առաջարկներ Հավաքական անվտանգության խորհրդին», - նկատել է նա:

Անցած շաբաթվա սկզբին սահմանին ինտենսիվ ռազմական գործողություններից հետո պաշտոնական Երևանը ռազմական աջակցության խնդրանքով դիմեց ՀԱՊԿ-ին։ Ռազմական դաշինքը, որին Հայաստանից բացի, անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, փաստացի մերժեց Երևանին, փոխարենը մոնիտորինգային խումբ գործուղեց Հայաստան։ Խումբը դիտարկում է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում և առաջարկներ մշակել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման համար: Առաջարկները, սակայն, ոչ ՀԱՊԿ քարտուղարկությունը, ոչ էլ Երևանը դեռ չեն բացահայտել։

Այսօր հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան 5-օրյա այցով։

Վլադիմիր Պուտինը, իր ելույթում խոսելով Հայաստանի և Ռուսաստանի 30-ամյա հարաբերությունների մասին, ընդգծել է, որ երկու երկրները շարունակում են ինտենսիվ քաղաքական երկխոսությունը. «Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին և երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա առթիվ»:

Ռուսաստանի նախագահը նաև տեղեկացրել է, որ նոյեմբերին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ-ի տարեկան գագաթնաժողովը։

Պուտինը երկու կողմերին էլ` Երևանին ու Բաքվին հրադադարը պահպանելու կոչ է արել
please wait

No media source currently available

0:00 0:03:27 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG