Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը երեկ կրակել է Ներքին Հանդի ուղղությամբ, ըստ համայնքապետի, կա մեկ վիրավոր


Ադրբեջանական զինուժը երեկ կրակ է բացել Կապանի տարածաշրջանի Ներքին Հանդ համայնքի ուղղությամբ։

Համայնքապետ Խաչատուր Բաղդասարյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ երեկոյան ժամը 9-ից 10-ի սահմաններում թեթև զինատեսակներից կրակել են գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի վրա։

Թեև Պաշտպանության նախարարությունը վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդում, սակայն Խաչատուր Բաղդասարյանն ասում է՝ իր տեղեկություններով մեկ վիրավոր կա։

«Հա մի վիրավոր ունենք, իմ լսելով` երկրապահից ա», - ասաց Բաղդասարյանը։

Երկրապահ կամավորական միությունից հաստատեցին այս տեղեկությունը, նշելով՝ կամավորն արդեն վիրահատվել է, վիճակը կայուն է։

Պաշտպանության նախարարությունը վիրավորված կամավորականի մասին դեռ տեղեկություն չի հրապարակել: Ռազմական գերատեսչությունը երեկ երեկոյան միայն նշել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը՝ արևելյան ուղղությամբ, կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Այսօր էլ «Եռաբլուր»-ում պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանը, պատասխանելով հարցին, թե Ներքին Հանդում երեկ տեղի ունեցած հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմը վիրավորներ ունի՞, ասել է. - «Հակառակորդի կրակոցից ցանկացած վիրավորի դեպքում Պաշտպանության նախարարությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածում է»։

Ճշտող հարցին, թե հերքո՞ւմ է համայնքապետ Բաղդասարյանի՝ մեկ վիրավորի մասին պնդումը, Թորոսյանը պատասխանեց․ - «Ցանկացած վիրավորում, որ ստացվել է հակառակորդի կրակոցի հետևանքով, Պաշտպանության նախարարությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածում է»։

Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակումից հետո Ներքին Հանդից երեխաներին և կանանց տարհանել են, տղամարդիկ, սակայն, մնացել են։

Ըստ համայնքապետի՝ գյուղում շուրջ 30 ընտանիք է ապրում։ Սեպտեմբերի 14-ին հաստատված հրադադարից հետո, բնակիչները երեկ ցանկացել են վերադառնալ, բայց քանի որ իրավիճակը կրկին լարվել է, որոշել են մի քանի օր էլ սպասել։

Բաղդասարյանի փոխնացմամբ, համայնքի արոտավայրերը և սեփականաշնորհված հողատարածքների մի մասը այս պահին գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ, մյուսը մասը դիտարկվում է նրանց կողմից և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չկա։ Ներքին Հանդում մարդիկ տնամերձ հողատարածքներն են մշակում։

Անցած շաբաթ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը տեղեկացրել էր, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական ուժերը մխրճվել են 1-ից 2 կմ խորությամբ։

ՊՆ խոսնակը այսօր նաև տեղեկացրեց, որ որևէ փոփոխություն չկա Ջերմուկի ուղղությամբ, քաղաքին մոտեցած ադրբեջանական խումբը դեռ նույն տեղում է։ Գլխավոր շտաբի պետը դեռ սեպտեմբերի 16-ին էր ասել, որ Հայաստանի տարածք մխրճված ադրբեջանական զինված ուժերի խումբը շրջափակված է հայկական ստորաբաժանումների կողմից, կտրված է իր ստորաբաժանումներից, գտնվում է բլրի գագաթի վրա, և եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի` թե՛ սննդով, թե՛ ջրով, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները ամբողջությամբ կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ: Ավելի քան մեկ շաբաթ է անցել, սակայն խումբն այդպես էլ չի հեռացել։

«Գլխավոր շտաբի պետի՝ իրադրության ներկայացումից հետո որևէ փոփոխություն չկա», - նշեց ՊՆ խոսնակը:

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ժամը 10-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG