Մատչելիության հղումներ

«Հետոն չգիտենք, բայց զգոն ապրում ենք, և' գյուղացին ա զգոն, և' մենք ենք զգոն». Երասխի համայնքապետ


Սահմանամերձ Երասխի համայնքապետ Սարո Այվազյանի փոխանցմամբ՝ թեև Նախիջևանի հատվածում ադրբեջանական զինուժի կուտակումներ կան, բայց իրավիճակը սահմանին հանգիստ է, համայնքն էլ բնականոն կյանքով է ապրում։

«Կուտակումները անընդհատ էղել ա, էնպես չի, որ նոր ա էդ կուտակումները, էդ կուտակումները 44-օրյայից հետո էլ միշտ կան։ Իրենց մոտ իրանք ակտիվ են, բայց ինչ վերաբերում ա սահմանային հարցին, սահմանում թե' իրենց կողմից, թե' մեր կողմից հանգիստ է։ Երասխը շատ նորմալ, բնականոն ապրում են ժողովուրդը, մանկապարտեզ, դպրոց, ամեն ինչը աշխատանքի մեջ են։ Աշխատում են, առօրյա կյանքով ապրում են մարդիկ։ Ոչ մի անհանգստություն չկա Երասխում։ Հետոն չգիտենք, բայց դե զգոն ապրում ենք, և' գյուղացին ա զգոն, և' մենք ենք զգոն, հետևում ենք ամեն ինչին», - «Ազատությանն» ասաց Այվազյանը։

Վերջին օրերին հայկական կողմը միջազգային կառույցներում և դիվանագետների հետ հանդիպումներում բարձրաձայնում է Նախիջևանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր հարձակման մասին։ Նախ սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, թե հավաստի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ևս մեկ հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ, այդ թվում՝ Նախիջևանի կողմից։ Դեսպանի խոսքով՝ դրա նպատակը Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելն է։

Երեկ էլ Ազգային ժողովի փոխնախագահն է այս հարցին անդրադարձել Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպմանը։ Հակոբ Արշակյանն ասել է, թե Ադրբեջանը հնարավոր է պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում Նախիջևանի կողմից՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը առայժմ ձեռնպահ է մնում պարզաբանումներից։ Ռազմական գերատեսչության խոսնակը նաև չի հաստատում կամ հերքում տեղեկությունն այն մասին, թե արդյոք Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ կան։

Մինչդեռ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի անդամ, իշխանական Գագիկ Մելքոնյանի փոխանցմամբ՝ Նախիջևանի հատվածում Ադրբեջանը նոր չէ զինուժ կուտակել։ Այդ հատվածում Ադրբեջանը զորք կուտակել էր դեռևս 2020-ի 44 օրյա պատերազմից առաջ՝ հատուկ նպատակով. - «Իրենք էդ ժամանակվանից էնդե զորքեր ունեն։ Ադրբեջանա-թուրքական զորքերը իրենց ամբողջ տեխնիկաներով, ամեն ինչով էնտեղ պատրաստ կանգնած են էղել։ Ու 44-օրյա պատերազմում եթե իրենք չհասնեին հաջողության, ես համոզված ասում եմ, որ իրենք երկրորդ ճակատը Նախիջևանից կբացեին։ Կուտակել են էդ նպատակով։ Միշտ իրենք պատրաստ են, որպեսզի Նախիջևանից կտրեն ճանապարհը, խնդիրներ լուծեն։ Եթե, ասենք, միջազգային էս կառույցները չքննադատեին, չդատապարտեին վերջին ագրեսիան իրենց, նաև իրենք նպատակ ունեին Ջերմուկը վերցնել։ Նպատակը Ջերմուկն էր նաև, բայց փառք մեր հերոս տղերքին, փառք մեր աղջկեքին, որ հերոսաբար կռվելով, իրենց արյան գնով պահեցին Ջերմուկը և իրա հարակից տարածքները»։

Հարցին, թե ինչու էին թիրախավորել Ջերմուկը Ազգային ժողովի պատգամավորը պատասխանեց. - «Որովհետև Ջերմուկից ամենամոտն ա դեպի Նախիջևան հատվածը»։

Գագիկ Մելիքյանը, ի տարբերություն բարձր մակարդակով իշխանությունից հնչող մտահոգությունների, քիչ հավանական է համարում, որ Նախիջևանի կողմից Ադրբեջանը հարձակում սկսի. - «Իմ կարծիքով, Նախիջևանից հարձակում չի լինի։ Հիմնականում Սոտքում ա լինելու, Ջերմուկի հատվածում ա ըլնելու, Ղափանի հատվածում ա լինելու։ Նախիջևանից իրանք զորքերը կուտակել են վախեցնելու համար։ Բայց մի բան էլ մենք չմոռանանք. էնտեղ կա պարսկական զորքեր նույն քանակությամբ, երբ որ պարսիկները ասում են, որ դա մեր համար կարմիր գիծ է, և ոչ ոք իրավունք չունի էդ գիծը հանկարծակի խախտի»։

Վերջին անգամ, Նախիջևանին սահմանակից Երասխի հատվածում իրավիճակը լարվել էր անցած տարվա հուլիսին։ Ծավալված փոխհրձգության արդյունքում հայկական կողմից զոհվել էր մեկ զինծառայող։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG