Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նիստն ընթանում է լարված մթնոլորտում․ ընդդիմադիր խմբակցության որոշ պատգամավորներ ԱԺ-ում են


Ազգային ժողովի նիստ ընթանում է լարված մթնոլորտում։ Ազգային ժողովում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա ամբիոնից հայտարարեց՝ այստեղ է փոխանցելու երեկ խորհրդարանի շենքի մոտ հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց պահանջը, կարծիքը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ծանր որոշումներ կայացնելու պատրաստակամության մասին երեկ խորհրդարանում արված հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ ուշ երեկոյան հավաքվել էին Ազգային ժողովի շենքի դիմաց: Բաղրամյան պողոտան փակ էր: Ցուցարարներն իշխանությունների հեռացումն էին պահանջում:

Մանուկյանն այսօր հայտարարեց՝ «պետականության վտանգի առաջ ենք կանգնած»՝ իշխանությանը մեղադրելով «իշխանության քաղաքականության ամբողջական փլուզման համար»։

«Գիտակցե՛ք, պետականության կործանման վտանգի առաջ ենք, մի հատ նայեք երեկ Ստեփանակերտում հազարավոր մարդիկ նույն ժամին հավաքված էին՝ Էլի ինքնաբուխ։ Այդ մարդիկ իրենց դավաճանված էին զգում, թուրքի դեմ մենակ էին զգում, այդ մարդիկ մեկ էլ մի պահ լսել էին, որ ԱԺ ամբիոնից այլևս իրենց մասին խոսող չկա։ Հասկացե՛ք, կա՛նգ առեք։ Երեկ ամբիոնից հնչել է մի արտահայտություն, որ ինչ-որ թուղթ, եթե ստորագրվի, մարդիկ կարող են ասել դավաճան։ Այդ պիտակը հետո ամեն մեկիդ կպնելու է», - հայտարարեց Մանուկյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։

Ընդդիմադիր պատգամավորի ելույթն ընդահատվեց իշխող պատգամավորների տեղից հնչող արձագանքների պատճառով։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՔՊ-ական որոշ պատգամավորների հորդորեց կա՛մ հանգստություն պահպանել, կա՛մ դուրս գալ դահլիճից, Գեղամ Մանուկյանին էլ կոչ արեց՝ դահլիճում մթնոլորտը չլարել։

«Տերմինոլոգիա եք օգտագործում, պարոն Մանուկյան, կոնտեքստից կտրում եք որոշ բաներ, որը հուզական արձագանք է ստանում», - ասաց Արշակյանը՝ հորդորելով պատգամավորներին սառնասրտություն պահպանել։

Մանուկյանի ելութից հետո կրքերը նորից բորբոքվեցին, 20 րոպե ընդմիջում հայտարարվեց։

Խորհրդարանում երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»:

Այս հայտարարությունից հետո երեկ խորհրդարանի շենքի մոտ հավաքվածները ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներից պահանջեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հերքել են, թե փաստաթուղթ կա, որը պատրաստվում է ստորագրվել: Ավելի ուշ էլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ, ապա՝ ուղիղ եթերում, պնդեց, թե նման բան չկա. «Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG