Մատչելիության հղումներ

Ցուցարարները պահանջեցին իշխանության հեռացումը, վարչապետը վստահեցրեց՝ «որևէ թղթի մասին խոսակցություն չկա»


Ցուցարարներն Ազգային ժողովի շենքի դիմաց, Երևան, 14-ը սեպտեմբերի, 2022թ.
Ցուցարարներն Ազգային ժողովի շենքի դիմաց, Երևան, 14-ը սեպտեմբերի, 2022թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ծանր որոշումներ կայացնելու պատրաստակամության մասին երեկ խորհրդարանում արված հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ ուշ երեկոյան հավաքվել էին Ազգային ժողովի շենքի դիմաց: Բաղրամյան պողոտան փակ էր:

Ցուցարարներն ասում էին՝ ինքնաբուխ հավաք է: Խորհրդարանի շենքի դարպասների դիմաց բարձրախոսներ տեղադրվեցին: Այնտեղից պարբերաբար ելույթներ էին ունենում տարբեր հանրային գործիչներ: Ընդդիմադիր մի շարք պատգամավորներ նույնպես այստեղ էին:

Ցուցարարներն իշխանությունների հեռացումն էին պահանջում:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից հավաքվածները պահանջեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:

Ընդդիմադիրները հայտարարեցին՝ վարչապետին պաշտոնանկ անելու համար միայն իրենց ունեցած մանդատները բավարար չեն, ձայներ են պետք նաև իշխող խմբակցությունից. - «Երկու ընդդիմադիր խմբակցություններ՝ 35 պատգամավորներ, պատրաստ ենք ստորագրել պաշտոնանկության տակ, սկսել գործընթաց: Էս էներգիան, էս ամեն ինչը որ կա, գործընթացը հաջողության հասնելու համար պետք է ուղղորդել դեպի «քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ, ստիպել, պարտադրել, ստանալ ևս 18 հոգու ստորագրություն, որպեսզի հասնենք պաշտոնանկության գործընթացին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, 14-ը սեպտեմբերի, 2022թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, 14-ը սեպտեմբերի, 2022թ.

Այս բողոքի ակցիան սկսվեց վարչապետի՝ երեկ ավելի վաղ արված հայտարարություններից հետո: Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ասել էր. - «Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»:

Ցույցի մեկնարկից հետո վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրեց՝ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման, ստեղծված աղմուկը որակելով «տեղեկատվական դիվերսիա՝ ուղղորդված արտաքին ոչ-բարեկամական ուժերի կողմից, երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»:

Քիչ անց էլ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին. - «Որևէ թղթի մասին խոսակցություն չկա, և սա արվում է հատուկ, որպեսզի սահմանին կանգնած մեր զինվորի դիմադրությունը թուլացնեն»:

Փաշինյանը վստահեցրեց՝ իշխանությունները երբեք չեն ստորագրի փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Մեզ ասում են՝ միջանցք, մենք ասել ենք, ժողովուրդ ջան, ասել ենք, որ մենք Հայաստանի տարածքով միջանցք որևէ մեկին չենք պատրաստվում տալ, չե'նք տալու, ոչ թե չենք պատրաստվում տալ, այլ չե'նք տալու: Մենք էդպիսի թուղթ չենք ստորագրի, երբե՛ք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կդնի կասկածի տակ: Բացառվում է նման բան», - հայտարարեց վարչապետը:

Ավելի ուշ հաղորդագրություն տարածեց Ազգային անվտանգության ծառայությունը՝ հորդորելով տուրք չտալ մանիպուլյատիվ հայտարարություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG