Մատչելիության հղումներ

Տուժածներ կան նաև խաղաղ բնակչության շրջանում. Ալեն Սիմոնյանը դիմել է միջազգային գործընկերներին


Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների հետևանքով հայկական կողմը տուժածներ ունի նաև խաղաղ բնակչության շրջանում, միջազգային գործընկերներին պաշտոնապես ուղղված դիմումում հայտնել է ԱԺ նախագահը:

Ավելի վաղ հաղորդվել էր խաղաղ բնակչության շրջանում 3 վիրավորի մասի։

Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը գնդակոծում է հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի, Ջերմուկի և հարակից բնակավայրերի ուղղությամբ՝ կիրառելով անօդաչու թռչող սարքերի և ականանետեր, ինչպես նաև միտումնավոր թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները և գնդակոծում:

«Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում խաղաղ բնակիչներ են տուժել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ընդգծված է նամակներում:

ԱԺ նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համառորեն տեղեկատվական բազա է ստեղծել այդ ռազմական սադրանքի համար՝ ամեն օր կեղծ տեղեկատվություն տարածելով «հայկական կողմի ենթադրյալ գնդակոծության» մասին:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի այսօրինակ աղաղակող և ապօրինի գործողությունները հնարավոր են դարձել միջազգային հանրության լռության հետւանքով նաև: Նպատակաուղղված արձագանքի եւ համարժեք գործողությունների բացակայությունն այսօր հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների ավելի սանձարձակ ագրեսիային»,-ամփոփել է Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել այդ կենսական հարցը լուծելու համար ու նպաստել Ադրբեջանի ագրեսիայի դադարեցմանը, որը խաթարում է ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային:

Հայաստանի կառավարությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) եւ Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով հղում կատարել Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրին:

Ստեղծված իրավիճակը գնահատելու համար ՀՀ է ուղարկվելու ՀԱՊԿ առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ:

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին, հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 49, ադրբեջանական կողմը՝ 50 զոհվածների մասին: Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

XS
SM
MD
LG